Արդեն երկու օր է՝ ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերը, այլեւ եվրոպական եւ անգամ ռուսական համապատասխան շրջանակները փորձում են հասկանալ, թե, ի վերջո, ինչ էր նշանակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ: Մի կողմից Եվրոպան հստակ ասել եւ ասում է` Հայաստանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռներին, մյուս կողմից Սերժ Սարգսյանն ու նրա թիմը պնդում են, թե մեկ է` Հայաստանը «ե՛ւ-ե՛ւ» է անելու: Ասել, թե Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունն անսպասելի էր, դժվար է, սակայն նույնքան դժվար է նաեւ հիմնավորել, թե ինչու նա իրավիճակը հասցրեց այնպիսի ծայրահեղության, որից հետո նրա ցանկացած հայտարարություն երկու կողմերից էլ կընկալվի որպես դավաճանություն` այդտեղից բխող հետեւանքներով: Իհարկե, թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի կարծիքը երկրորդական է, գլխավորը մեր երկրի շահն է, սակայն խնդիրն այն է, որ կողմերից մեկի հիասթափության չափից բուռն դրսեւորումը ի վերջո վտանգելու է հենց մեր շահը: Երբ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն ի վերջո ձախողվեց, ՀՀԿ-ականները չէին դադարում շեշտել, որ այդ գործընթացից մենք շահեցինք, քանի որ ՀՀ-ն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ձեռք բերեց հուսալի գործընկերոջ համբավ, ինչը շատ կարեւոր է: Եվ հիմա հարց է առաջանում. ինչպիսի՞ համբավ ձեռք բերեց Սարգսյանը հիմա, երբ երեքուկես տարի շարունակ եվրոպացիներին քթից բռնած ման տալով` գնաց Մոսկվա եւ Պուտինի հետ կեսժամանոց կոշտ զրույցից հետո հանկարծ հիշեց, որ «անհնար է եւ անարդյունավետ, գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»: Բնականաբար, Ս. Սարգսյանը չէր կարող նման զարգացումը չկանխատեսել, եւ նրա հաշվարկը` դեռ մի որոշ ժամանակ էլ մանեւրել կողմերի միջեւ, գուցե կարող է զուտ այս փուլի համար իրագործելի լինել: Ասոցացման համաձայնագրի հետ կապված` կարեւոր է նկատի առնել այն հանգամանքը, որ խոսքը առայժմ ընդամենը այն նախաստորագրելու մասին է, որն ինքնին ոչինչ չի պարտավորեցնում: Եվ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, նախաստորագրումից մինչեւ ստորագրում եւ վավերացում դեռ շատ բան կարող է փոխվել: Ուստի Ս. Սարգսյանի հաշվարկը կարող է հիմնված լինել հենց այդ իրավիճակային փոփոխությունների վրա: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, չնայած երեկ հայտարարվեց, որ Ղազախստանը կողմ է ՀՀ անդամակցությանը, սակայն գաղտնիք չէ, որ Եվրասիական միության գաղափարական հայրը` Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը ի սկզբանե դեմ է եղել նորանոր երկրների, առավել եւս` Հայաստանի ընդգրկմանը, քանի որ դրանով ստեղծվելու է մի նոր ԱՊՀ, որտեղ թելադրողը դարձյալ ՌԴ-ն է լինելու: Ուստի այս դեպքում էլ Ս. Սարգսյանը կարող է հույս ունենալ, որ Ղազախստանի դիրքորոշումը կարող է որոշակի հետեւանքներ ունենալ` Մաքսային միությանն անդամակցելուց խուսափելու համար: Միով բանիվ` խաղը շարունակվում է:
ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ