«ԹՈՂ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԽՓԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բաղրամյան 26-ում մթնոլորտը շատ «թեժ» էր: Նախօրեին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպվել, որին մասնակցում էին մի խումբ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ պարզապես ակտիվիստներ, որոնք բոյկոտում էին այդ որոշումը: Ակցիայի ժամանակ լուրջ բախումներ տեղի ունեցան, եւ շուրջ 10 ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Դեպքի վայրում էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը հայտարարեց. «Եթե ոստիկանության պահանջը չեն կատարում, ապա պետք է բերման ենթարկել»:
Կրքերը հատկապես թեժացան այն ժամանակ, երբ մի քանի ակտիվիստների, այդ թվում՝ նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին, ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին: Ակտիվիստները, ի նշան բողոքի, նստեցին փողոցում՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Իսկ ոստիկաններն էլ շատ կոպիտ ձեւով մարդկանց փորձում էին հեռացնել այդ հատվածից եւ դա անում էին քաշքշելով` ակտիվիստների «Սեր-ժի՛կ, վո՛ն ատսյուդա», «Հեռացի՛ր», «Իդի՛ դամոյ» չդադարող վանկարկումների ներքո:
«Բարեւ, Երեւա՛ն» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է պարզապես տեղեկացնելու եւ զգուշացնելու, որ ով էլ լինի, եթե փորձի զիջել Հայաստանի անկախությունը, կստանա լուրջ դիմադրություն. «Հիմա մենք բողոքի ակցիա չենք անում, եկել ենք թողնելու մեր հաղորդագրությունը, որ զգուշացե՛ք, նման քայլի հանկարծ չգնաք: Թույլ չենք տալու, որ որեւիցե մեկը դավաճանություն անի: Բայց եթե փորձեն Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր անել, մեզնից կստանան շատ լուրջ եւ հուժկու հակահարված»:  
Բաղրամյան 26-ում էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Այդ բնույթի հայտարարությունները, դրանք որոշում չեն, որոշում դառնալու համար դեռ պիտի ճանապարհ անցնեն: Մենք ունենք հնարավորություն նախ ճշտել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում եղե՞լ է: Ճնշումը պարտադիր չէ, որ լինի անհատական, կարող է լինել տարբեր սպառնալիքների տեսքով: Եթե պետք է օգնել, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ որոշակի ուժերի ճնշման տակ ինքը… նույնն էլ կարող է ասել ինքը, եթե պետք է օգնել, օգնում ենք, ուժ ենք տալիս, աջակցություն ենք հայտնում եւ ասում ենք՝ շարունակի՛ր քո գիծը»:
Իսկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց. «Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս որեւէ մեկին հանրության անունից գնալ եւ հայտարարել, որ Հայաստանը մտնում է այս կամ այն միության մեջ: Ես դիվանագիտության մասնագետ չեմ, բայց իմ տրամաբանությունն ինձ հուշում է, որ դա չի կարող լինել 15 րոպեում կարգադրվող որոշում, թելադրվող ինչ-որ մի բան: Անհնարին է, որ այդ տեսակ պաշտոն զբաղեցնող մարդը գնում է եւ անակնկալի է գալիս: Թող ինքն իրեն խփեր»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս