ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՅՍ ՉԵՆՔ ՎԱՌՈՒՄ
Հայաստանում նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին յոթ ամսում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 4.3 տոկոսով: Կատարվածը, թերեւս, պատահական չէ եւ հետեւանք է պարզապես սպառման ծավալների նվազման: Ասել է թե՝ Հայաստանում նվազում է բնակչությունը, նվազում են նաեւ ամենօրյա օգտագործման ապրանքատեսակների ու ծառայությունների ե՛ւ սպառման, ե՛ւ դրա հետեւանքով արտադրման ծավալները:
 
ԱՆՏԵՍԱԿԵՏ
ՀՀ ԱԳՆ-ն երեկ չի ցանկացել մեկնաբանել Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության վերաբերյալ հայտարարությունը: Փաստորեն, այն գերատեսչությունը, որն անմիջականորեն առնչվում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, որեւէ տեսակետ չունի այդ իրադարձության վերաբերյալ: Ավելին, կարելի է ենթադրել, որ այս հարցն ընդհանրապես դուրս է այդ նախարարության լիազորություններից: Ու քանի որ մյուս նախարարություններից էլ «Ժողովուրդ»-ի թղթակցին ասացին, որ իրենց իրավասության տակ չի գտնվում այդ հարցը, ուստի Երեւանի «Արգիշտի» համատիրության աշխատակից տիկին Շողիկից փորձեցինք մեկնաբանություններ խնդրել Հայաստանի արտաքին քաղաքական գծի վերաբերյալ: Սակայն նա էլ ասաց, թե այս գործընթացը դեռ ավարտված չէ, եւ հարկավոր է սպասել հետագա զարգացումներին:
 
ԼՅԱՐԴԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Երեկ պաշտոնական տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկացի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին` քննարկելու Արցախում բժշկության այդ ուղղության զարգացման, ինչպես նաեւ լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման հետ կապված հարցեր: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի արցախյան աղբյուրները, Բ. Սահակյանի եւ բժշկի հանդիպումն իրականում այլ նպատակ է ունեցել: Տեղեկանալով, որ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ բժիշկ, լյարդաբան Ռոբերտ Գիշը, Բ. Սահակյանը ցանկություն է հայտնել, որ վերջինս հետազոտի իրեն: Բժիշկն էլ, բնականաբար, չի մերժել: Ու որպեսզի պրոֆեսորի այցը չստացվի մասնավոր, որոշվել է նրա հետ նաեւ բժշկական թեմաներ քննարկել: Այլապես անհասկանալի է, թե ինչու է բժշկության հարցերը քննարկում ոչ թե ԼՂՀ առողջապահության նախարարը, այլ անձամբ այդ երկրի նախագահը:




Լրահոս