ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆԸ՝ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանված, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է. «Ամեն ինչ գնում է նրան, որ շուտով կբացահայտվի»:
Հիշեցնենք, որ Նովինսկի ճեմուղում գտնվող «Lotte Plaza» հյուրանոցում հանդիպման շտապող 51-ամյա մարտունեցի Մուրադյանին սպանել էին պատվերով, ինչի մասին փաստում էին նաեւ տեսագրությունները, որոնք այդ օրերին տարածվեցին: Մարդասպանը դեպքի վայր էր գնացել «Տոյոտա քեմրի» ավտոմեքենայով: Ըստ տեսանյութի՝ սեւ հագած դիմակավոր մարդասպանը մոտենում է Մուրադյանին՝ ընթացքում գրպանից հանելով սառը զենքը: Հինգ անգամ դանակահարելով՝ մարդասպանը փախչում է դեպքի վայրից: Ու մինչ շտապօգնության գալը գործարարը կնքում է իր մահկանացուն: Ամենայն հավանականությամբ, հարվածները ծակել էին նրա լյարդը:
Դեպքից անցել է շուրջ երեք ամիս: Քննության ընթացքի, ինչպես նաեւ սպանության հնարավոր վարկածների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովիկ Մուրադյանի եղբոր՝ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի հետ: Դեսպանի խոսքով՝ կան վարկածներ, ու շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի. «Միայն մի խնդրանք. մի՛ միջամտեք, քանի որ քննությունն ընթանում է, ու բավականին լուրջ քննչական աշխատանք է արվում: Իհարկե, այս ամենը եւս մեկ-երկու ամիս կտեւի, բայց իրավունք չունեմ ոչ մեկի անունը տալու»:
Ըստ դեսպանի՝ իր եղբայրը 20 տարի աշխատել է շինարարական ոլորտում, ու «ԲԱՄՕ» ընկերությունը մոտ 3-4 հարյուր միլիոն  դոլարի շրջանառություն է ունեցել, եւ ինքը, այս ամենը հաշվի առնելով, կարծում է, որ այս դեպքը չէր կարող ուղղակի պատահականություն լինել. «Չեմ կարող ասել՝ թշնամիներ ունեցել է, թե ոչ, բայց նրա մահը մեզ համար  անբացատրելի կորուստ էր, ու իմ ամենաառաջնային խնդիրը, իմ կյանքի նպատակն այն է, որ այս սպանությունը բացահայտվի, օրենքի սահմաններում մեղավորները պատժվեն: Գիտե՞ք, թե նա ինչ բարձրակարգ կրթություն է ստացել, ինչ դաստիարակված երեխաներ է մեծացրել, մեր գյուղում դպրոց է կառուցել ու լինելով այդքան մեծ բիզնեսմեն՝ նա 20 տարի առանց թիկնապահի է շրջել»:
Ինչպես նշեց Իրաքում ՀՀ դեսպանը, իրենք 25 տարի ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, ու այն եղել է իրենց երկրորդ հայրենիքը: «Իհարկե, գործարար մթնոլորտի, հայկական մթնոլորտի համար սա շատ բացասական ազդեցություն ունեցավ, ու սա այն դեպքը չէ, ոչ չբացահայտվի: 2 ամիս, 10 կամ թեկուզ 1 տարի հետո անպայման կբացահայտվի: Պետք է ասեմ, որ այն կատարողները, ում վրա կասկածում ենք, դրանց քանակը նվազում է: Կամաց-կամաց հասնում ենք վերջնարդյունքին. շուտով կպարզվի»,-ասաց Մ. Մուրադյանը՝ նշելով, որ իրենք ամենօրյա ռեժիմով հետեւում են գործի ընթացքին, ու հատուկ միայն մեկ քննիչ զբաղվում է բացառապես իր եղբոր սպանության գործով:
Հավելենք, որ Հայաստանում տարածված լուրերի համաձայն՝ վերջին շրջանում «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրները` Բորիս, Հարություն, Մուրադ եւ Հովհաննես Մուրադյանները, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին ՀՀ-ում, սական Մուրադ Մուրադյանը հերքեց դա. «Հիմարություն է: Մենք մինչեւ ամսվա վերջ Ռուսաստանում բացում ենք մեծագույն արժողություն ունեցող գործարանը, ու այդ ամենը մարդիկ կտեսնեն: Իհարկե, երբեմն գործերը լավ են լինում, երբեմն էլ՝ շատ վատ, բայց հակառակը, մեզ մոտ լավ են գնում»:
Նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, որ իր սպանված եղբոր ու իր հարաբերությունները բիզնես հարցերի մասով լարված են եղել. «Մեր հարաբերությունները սուրբ են եղել: Տա Աստված, որ ցանկացած եղբայրների միջեւ այդպիսի հարաբերություններ լինեն: Նա մեծագույն մարդ է եղել»:
Հուսանք, որ այդ դեպքի քննությունը չի ունենա ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ Մոսկվայում իրականացված մահափորձի գործի քննության ճակատագիրը: Այդ գործն այդպես էլ չբացահայտվեց:




Լրահոս