Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ քաղաքացի Հենրիկ Սահակյանը պատրաստվում է զենքով պայքարել իր բնակարանը չհանձնելու համար: Վերջինիս խոսքով՝ ստեղծված իրավիճակի մեղավորը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հորեղբոր տղան է:
Ի՞նչն է այդպես զայրացրել 63-ամյա Հենրիկ Սահակյանին: Ըստ նրա՝ 2006թ. հունվարի 1-ից իր ընտանիքը բնակվել է Յան Ռայնիսի 105 շենքի հ. 2 բնակարանում. «Իմ բնակարանը 33.3 քառակուսի է, ու քանի որ իմ ընտանիքն էլ բավական մեծ է, որոշեցի իմ 33.3 քառ. բնակելի տարածքին անօրինական կերպով ավելացնել իմ տան բակում առկա մոտ 80,4 քառ տարածքը՝ հետագայում այն սեփականաշնորհելու հույսով»:
Ու մինչ Հ. Սահակյանն իր ապօրինի շինաշխատանքներն է կատարել, այդ ընթացքում հանկարծակի պարզվել է, որ որդին՝ Արման Սահակյանը, բնակարանը գրավադրել է. «Իմ բնակարանի սեփականատերը տղաս է: Եվ երբ իմ մորաքրոջ տղան, որը պարտքերի մեջ է ընկել, խնդրել է որդուս մեր տունը գրավ դնել եւ 40 հազար ԱՄՆ դոլար վերցնել, տղաս չի կարողացել մերժել: Իհարկե, մի կողմից թվում է, որ լավ բան է արել, օգնել է բարեկամիս, բայց ես ընդունում եմ, որ իմ որդին սխալ է եղել: Հետագայում իմ մորաքրոջ տղան, չկարողանալով այդ 40 հազարը մարել, գնացել, իր խնամուն՝ Աշոտ Արեյանին է դիմել՝ խնդրելով տալ 40 հազար ԱՄՆ դոլար՝ դրա դիմաց առաջարկելով տան առքուվաճառք իրականացնել: Այդ գործարքը կնքվեց, մեր տունը թղթերով անցավ Արեյանին, իմ մորաքրոջ տղան էլ սնանկ վիճակում է: Բայց իմ պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ Արեյանն անհասկանալի ճանապարհներով տիրացել է նաեւ իմ կողմից անօրինական շինարարությամբ կառուցված 80,4 քառակուսուն: Թե ինչպես է կարողացել գործարքի առարկա չդարձած, ավելին՝ վաճառքի պահին գոյություն չունեցած տարածքը վերցնել, ես մնացել եմ զարմացած»:
Ինչպես վստահեցնում է Հենրիկը, իր բնակարանը գնել է Աշոտ Արեյանը, որը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հորեղբոր տղան է. «Նա գաղտնի այդ 80,4 քմ տարածքը եւս օրինականացրել է, ու ինձ պատրաստվում են իմ կառուցած տանից դուրս հանել: Թույլ չեմ տա, ընդհուպ մինչեւ զենքի միջոցով կռվելու եմ»:
Իսկ Աշոտ Արեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախեւառաջ հերքեց, որ Կամո Արեյանն իր ազգականն է. «Ես Կամո Արեյանին հեռուստացույցով եմ տեսել եւ ոչ մի կապ չունեմ նրա հետ: Իսկ այն, ինչ պատմել է Ձեզ Հենրիկ Սահակյանը, սուտ է: Ես օրենքի շրջանակներում եմ գործել եւ ունեմ փաստաթղթեր, որ այդ բնակարանը գնել եմ: Վստահեցնում եմ, որ ոչ մի անօրինական գործարք չի եղել»:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը երեկ՝ մեզ հետ զրույցում, եւս ասաց, որ Կամո Արեյանն ասել է, որ ինքը նման ազգական չունի եւ, առհասարակ, այդ բնակարանի խնդրի հետ որեւէ առնչություն չի ունեցել:
Թե ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, դժվար է կանխատեսել: Բայց որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, դա էլ չի բացառվում: Հ. Սահակյանին այսօր բնակարանից վտարելու են, եւ ինքն էլ պատրաստվում է զենքով դուրս գալ իրեն վտարողների դեմ:
ՄՏԱԴԻՐ Է ԶԵՆՔՈՎ ՊԱՀԵԼ ՏՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ