ՍԵԼԻ ՏԵՂ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ մի քանի դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Ներկայումս այդ դատն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Այժմ ընթանում են նախնական դատական նիստերը:
Դիտավանցիների դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ս. Սարգսյանի խոսքով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150-հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում հեկտարի հաշվով՝ եւս 30-հազարական դրամ: Նրա վկայությամբ, ըստ պայմանագրի, «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է ժամանակին ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, եւ ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Ս. Սարգսյանն ասաց, որ հետո հիմնադրամի ներկայացուցիչները փորձել են համոզել, որ ինքը ստորագրի փաստաթղթի տակ, թե իբր երաշտի, այսինքն՝ «ֆորս մաժորի» հետեւանքով է ցածր բերք ստացվել: Նա հայտնեց, որ «ՀիմնաՏավուշ»-ը դատավարության ընթացքում իրենց հակընդդեմ հայց է ներկայացրել, որի մեջ նշել է, թե դիտավանցիները չեն ապահովել սիլոսի այն քանակը, որը նշված է պայմանագրում: Ս. Սարգսյանը նշեց, որ սիլոս հնձող կոմբայնը հիմնադրամը բերել է Բուլղարիայից: Այդ տեխնիկան իբր թե նոր է եղել, սակայն իրականում նորը միայն գյուղատնտեսական այդ գործիքի ներկն է եղել:
Նախկին գյուղապետի խոսքով` իրենք մի շաբաթ չարչարվել են, այդ տեխնիկան նորոգել, սակայն այն չի աշխատել: Դրանից որոշ ժամանակ հետո հիմնադրամը բերել է 1988թ արտադրության, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված մի կոմբայն: Այն օրական հազիվ կես հեկտար տարածք է հնձել: Այդ պատճառով 10 հա եգիպտացորենի հունձը տեւել է 20 օր: Ս. Սարգսյանն անհեթեթ եւ անտրամաբանական է համարում «ՀիմնաՏավուշ»-ի հակընդդեմ հայցը, քանի որ եգիպտացորենի հունձը հիմնադրամի մեղքով ուշացել է մեկ ամիս եւ 17 օր:
Նշենք, որ «ՀիմնաՏավուշ»-ը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս