ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու կարգն ինչպե՞ս է տեղի ունենում:
Իսահակ Հարությունյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձնագիր: Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը եւ իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաեւ չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից: