ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՀՂԿՎՈՒՄ» ԹՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն սովորական երեւույթ է դարձել, որ երկրում սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկմանը զուգահեռ ազգային վիճակագրական ծառայությունը նրկայացնում է բոլորովին այլ` բարվոք թվեր: Թե ինչպես է դա տեղի ունենում, կարելի է կռահել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տավուշի մարզի գյուղապետարաններից մեկի աշխատակիցը նշեց, որ մարզպետարանի կողմից իրենց ցուցում է տրված վիճակագրական ծառայություն ներկայացվող թվերը նախապես «հղկել»:
Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է այս տարի հնձված ցորենի` հեկտարից միջին բերքատվությանը: Այսինքն՝ գյուղապետարաններին ուղղորդում են, տվյալները «շտկելով», ներկայացնել իրականում գոյություն չունեցող բարձր բերքատվություն: Գյուղապետարանի աշխատակիցը, չցանկանալով, որ իր անունը հրապարակվի, դժգոհում էր նման աչքակապությունից: Նշենք, որ Տավուշի մարզպետարանի կողմից գյուղատնտեսության ոլորտում ոչ հավաստի, կեղծ տվյալներ ներկայացնելը սովորական երեւույթ է: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ են զետեղվում տեղի ունեցող իրադարձությունների, մարզի տնտեսության մասին: Ըստ այդ կայքում տեղադրված լուրերից մեկի՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով այս տարի մարզում հնձվելու եւ կուտակվելու է 65 հազար տոննա խոտ, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների պահանջարկը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, խոտի բերքը կրկնակի ավել է լինելու, մարզն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով՝ մեքենայացված եւ ձեռքի հնձիչներով: Անհասկանալի է, թե ով եւ որտեղ է կշռել դաշտերից գյուղացիների բակեր, անասնագոմեր տեղափոխված խոտը, այն էլ բացարձակ ճշգրտությամբ` ստանալով կլոր 65 հազար տոննա թիվը: Այս տեղեկատվության մեջ խոսք չկա հեռավոր սարերում, նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս համարվող, տարիներով չհնձվող խոտհարքների մասին, որոնք լավագույն դեպքում որպես արոտավայրեր են ծառայում: Բացի այդ, եթե մարզն ապահովված է հնձիչներով, ինչո՞ւ են Տավուշի մարզի գյուղացիները դիմում պապենական փորձված գործիքին՝ գյուղացուց ուժ քամող գերանդուն:
Նույն՝ մարզպետարանի կայքի տեղեկատվության համաձայն՝ մարզի գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է: Ճիշտ է, տարբեր ծրագրերով ժամանակ առ ժամանակ Տավուշի մարզ գյուղատնտեսական նոր տեխնիկա է առաքվում, սակայն դրա քանակը քիչ է եւ չի բավարարում մարզում առկա պահանջարկը:
Տավուշի մարզից ստացվող ոչ ճիշտ տեղեկությունները երբեմն թյուրիմացության մեջ են գցում ՀՀ ղեկավարներին: Դրա հետեւանքով նրանք հայտնվում են ոչ նախանձելի դրության մեջ: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ Այրում քաղաքում Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ Տավուշի մարզում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան հանրապետության մյուս մարզերում ու նույնիսկ Երեւանում: Ս. Սարգսյանը նման հայտարարություն արեց սոցիալական մեծ խնդիրներ, մեծ գործազրկություն ունեցող Այրումում: Սարգսյանի ելույթից հետո այրումցիները, ովքեր նախկինում՝ խորհրդային տարիներին, աշխատել էին արդյունաբերական հսկա հանդիսացող Այրումի պահածոների գործարանում, երկրի նախագահին թախանձագին խնդրեցին միջոցներ ձեռնարկել այդ գործարանի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Երկրի ղեկավարն իրականությանը չհամապատասխանող նման հայտարարություն արեց նաեւ Սյունիքի մարզում` նշելով բարձր աշխատավարձի՝ գոյություն չունեցող թիվ:
Ինչ վերաբերում է Տավուշի մարզին, ապա 62 համայնքներից 44-ը սահմանակից է Ադրբեջանին, եւ մարզի ամենաբերրի հողերը չեն մշակվում, ականապատված են: Սահմանամերձ տարածքներն ադրբեջանական զինուժի գնդակոծությունների պատճառով չեն օգտագործվում նաեւ որպես արոտավայրեր: Տավուշի մարզում չկան գյուղատնտեսական մթերքների շուկաներ, որտեղ մարզի ֆերմերները կկարողանան իրացնել իրենց աճեցրած բերքը: Վերամշակող կազմակերպությունները մարզում, բացի խաղողից եւ ծխախոտից, այլ մրգատեսակներ եւ բանջարեղեն չեն մթերում: Դեղձի մթերմանն էլ «Ժողովուրդ»-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Գյուղատնտեսական մթերքների սպառման հիմնական շուկան՝ Երեւանը, Տավուշի մարզից բավական հեռու է, եւ մայրաքաղաքում հիմնականում Արարատյան դաշտի ֆերմերների աճեցրած բերքն է վաճառվում: Այսքանով հանդերձ, փաստորեն, Ս. Սարգսյանին վիճակագրական կեղծ տվյալների միջոցով ապակողմնորոշել էին, թե ՀՀ-ում աղքատության ամենացածր մակարդակը սահմանամերձ, հեռավոր Տավուշում է: Վաղն էլ երեւի «հղկված» տվյալներից ստացված եզրակացությամբ կհայտարարեն, թե Հայաստանում ցորենի ամենաբարձր բերքատվությունը Տավուշի մարզում է: Առաջ դեպի… խորհրդային տարիների լճացում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս