ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՆՏՐՎԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում երեկ մեկնարկեց ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանը եւ գործկոմի նիստը, որը կավարտվի սեպտեմբերի 10-ին: Համաժողովը կորոշի օլիմպիական շարժման ուղղությունն առաջիկա ժամանակահատվածի կտրվածքով: Որոշիչ է լինելու սեպտեմբերի 7-ը. գործկոմի անդամները կընտրեն 2020թ. ամառային խաղերի օլիմպիական մայրաքաղաքը: Հավակնորդները Մադրիդը, Տոկիոն եւ Ստամբուլն են: Հաջորդ օրը հայտնի կդառնա, թե ըմբշամարտ, բեյսբոլ-սոֆտբոլ եւ սկվոշ մարզաձեւերից որը գրանցում կստանա օլիմպիական խաղերի ծրագրում: Նստաշրջանի վերջին օրը ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգեն վայր կդնի իր լիազորությունները։ Նոր նախագահի թեկնածուները 6-ն են՝ ՄՕԿ-ի փոխնախագահներ Թոմաս Բախ՝ Գերմանիա, Սեր Միանգ՝ Սինգապուր, Ռիչարդ Կերրիոն՝ Պուերտո Ռիկո, ՄՕԿ-ի գործկոմի անդամներ Դենիս Օսվալդ՝ Շվեյցարիա, Սերգեյ Բուբկա՝ Ուկրաինա, Չինգ Վու՝ Թայվան:

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆՈՒՄ
Դեռեւս այս տարեսկզբին (փետրվարին) ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացրել էր Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարների երեւանյան հնարավոր այցի մասին: Ճապոնիայի հավաքականի մենեջեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեղասահքի երեւանյան դպրոցի շրջանավարտ Արարատ Զաքարյանն ասել էր, որ Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Նրանք կարեւորում են նաեւ այն հանգամանքը, որ ընդամենը 1-1,5 ժամում Երեւանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք: Եվ ահա Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում սեպտեմբերի մեկից մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Ճապոնիայի գեղասահքի հավաքականը, որի բոլոր անդամները հեղինակավոր մարզիկներ են՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեֆան Լամբիել, Նոբունարի Օդա, Տատսուկե Մաչիդա, Ակիկո Սուզուկի եւ Սատոկո Միհարա:
Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչներ Հիդեիտո Իտոն, Տացուրո Մացումորոն եւ մարզիկներն արդեն հասցրել են մանրամասն ուսումնասիրել սահադաշտը եւ մեծ տպավորություն են ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը ու, մանավանդ, «արագ» սառույցը: Հավաքականի մենեջեր Ա. Զաքարյանն ասաց, որ թիմը Երեւանից կմեկնի սեպտեմբերի վեցին: Բայց Սոչիի օլիմպիական խաղերից առաջ Ծագող արեւի երկրի ընտրանին կրկին կժամանի Երեւան, կպարապի Մարզահամերգայինում, կհաղթահարի կլիմայավարժեցման փուլը, որից հետո կմեկնի Սոչի:
Վերջում նշենք, որ ճապոնացի մարզիկ-մարզուհիների պարապմունքներին ականատես կլինեն նաեւ Հայաստանի առաջատար եւ հեռանկարային գեղասահորդները:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս