ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՆՔ, ԷԼԻ՛, ՀՈ ԶՈՌՈ՞Վ ՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչքներս լույս, հայրենակիցնե՛ր, շուտով կարող ենք ունենալ մի նոր համաշխարհային կենտրոն։ Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր Գյումրին դարձնել տարածաշրջանային մշակութային կենտրոն, նույնիսկ խոսում էին ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին։ Բայց այս ծրագիրը, ինչպես նաեւ վարչապետի այլ շատ ծրագրեր, ձախողվեցին։ Չէ՛, մի բան մոռացել էինք. «հայոց հայրաքաղաքը» դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ընդ որում, բելառուսական Մոգիլյով եւ ադրբեջանական Գաբալա քաղաքի հետ միասին։ Բացի այդ, Գյումրուց տարան Մինասի մի քանի որմնանկար…
Հիմա էլ Հայաստանի մեկ այլ քաղաք կարող է դառնալ… խորովածի կենտրոն: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, «The Beautified Project» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսում հայտնել են, որ ցանկանում են սեպտեմբերի առաջին շաբաթը հռչակել խորովածի համաշխարհային շաբաթ, իսկ Ախթալան` խորովածի համաշխարհային կենտրոն: Մեր էս աղքատ ջանին հենց խորովածն էր պակասում։ Ասացինք աղքատ ու հիշեցինք կենսաթոշակառուներին, որոնց մեծ մասը հազիվ է գոյությունը քարշ տալիս, թեպետ…  որոշ կենսաթոշակառուներ նաեւ այն աշխարհից էին թոշակ ստացել եւ, ամենայն հավանականությամբ, քվեարկել ընտրությունների ժամանակ։ Հետաքրքիր է՝ մահացածների կենսաթոշակների գլխավոր մասնագետ Վազգեն Խաչիկյանի քաղաքապետ եղբայրը հանգուցյալներին է՞լ է հրավիրելու Ախթալա։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ անցյալ տարվա խորովածի փառատոնից, հատկապես խորովածի գնից եւ տրանսպորտային միջոցներից շատերն էին դժգոհ։
Ինչեւէ. փառատոնը կրելու է «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագիրը եւ կոչվելու է նաեւ երաժշտության ու արվեստի փառատոն, քանի որ մշակութային միջոցառումներ եւս նախատեսված են: Անդրե Սիմոնյանը նշել է, որ խորովածը մշակույթի մաս է կազմում, ինչի համար էլ որոշվել է փառատոնին ներկայացնել երաժշտական կատարումներ, եւ հրավիրել են երգիչ-երգչուհիների, հայտնի նկարիչների: Հասկացա՞ք, ժողովո՛ւրդ, խորովածը մշակույթի մաս է կազմում, եւ պատկերացրե՛ք, որ խորոված եք ուտում, ասենք, Արմենչիկի, Թաթուլի կամ մեր որոշ այլ «աստղ»-«աստղիկների» երգերի ուղեկցությամբ։ Հիրավի չափազանց «մշակութային» պատկեր է:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս