ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, բարեկամների անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանում ուրան վաճառելու համար ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` բացի Միհրան Մովսիսյանից, նրա որդու` Ռոբերտ Մովսիսյանի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել:
Նախ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ՊԱԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոիցից երկուսը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ երեքը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ըստ վրացական մամուլի՝ վերջիններս ցանկացել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ Է գտնվել Ս 238 նյութով: Փորձաքննության միջոցով պարզվել է, որ հայտնաբերված նյութը վտանգավոր է մարդու կյանքի եւ առողջության համար:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Հայաստանյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Վրաստանում միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվածներից մեկը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը` Մանախը:
Ու մինչ իրավապահները փորձում են հասկանալ, թե Միհրան Մովսիսյանը որտեղից է ձեռք բերել ուրանը եւ, առհասարակ, ինչ ճանապարհով է ցանկացել այն վաճառել,
«Ժողովուրդ»-ին Միհրան Մովսիսյանի որդու գործունեությունից աղմկալի մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով` Միհրան Մովսիսյանի որդու` Ռոբերտ Մովսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որն արդեն նախաքննության ավարտից հետո ուղարկվել է դատարան:
Ինչ պատմության մեջ է ընկել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Ռոբերտ Մովսիսյանը տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաեւ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները:
Եվ, ահա, գլխավոր մասնագետ լինելու գայթակղությունը թույլ է տվել նրան որոշակի արտոնություններ ունենալ եւ որոշ դատապարտյալների համար, այսպես ասած, հարցեր լուծել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված մի դատապարտյալի՝ իբր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծման համար գործարք է առաջարկել: Նա ասել է, թե իբր փաստաբանների միջոցով, դատական կարգով կարող է այնպես անել, որ դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվի: Ըստ էության, Ռոբերտ Մովսիսյանը դատապարտյալին այդ առաջարկն անելով՝ գումար ստանալու ակնկալիք է ունեցել, ինչը դատապարտյալը չի մերժել: Հանուն ազատության պատրաստ է եղել վճարել այն գինը, ինչ կասի Մովսիսյանը:
Ահա այսպես, Մովսիսյանը դատապարտյալի հարազատներից տարբեր օրերին գումար է ստացել՝ պատճառաբանելով, թե իբր ազատության հարցի լուծման համար անհրաժեշտ է մոտ 20.000 ԱՄՆ դոլար: Սակայն տեղեկություններ կան, որ Ռոբերտը իրականում որեւէ քայլ չի արել՝ դատապարտյալին ազատելու համար, պարզապես օգտագործելով իր դիրքը՝ խաբել է նրան, ինչը հաջողվել է:
Իսկ արդյո՞ք Միհրան Մովսիսյանի որդին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուներից պարզեց, որ նա իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է ցուցմունք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մարտի 21-ին այս փաստի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը գլխավորում է դատավոր Արմեն Խաչատրյանը:
Դատարանը պարզել է, որ Ռոբերտ Մովսիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ մինչ 2010 թվականի օգոստոսի 19-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, իսկ 2010 թվականի օգոստոսի 19-ից հետո նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները՝ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալ Ն. Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը լուծելու պատրվակով, նրա ծնողների վստահությունը չարաշահելով, խաբեությամբ մաս-մաս ստացել է 9 միլիոն 492 հազար 565 դրամին համարժեք 26.500 ԱՄՆ դոլար գումար եւ որեւէ գործողություն չձեռնարկելով՝ խարդախությամբ հափշտակել է նշված գումարը:
ՏԵսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի Ռոբերտ Մովսիսյանի գործով:
Քնար Մանուկյան