Հարց քաղաքացիներից` ի՞նչ է ապաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է ապաստանը:

Ստելլա Հակոբջանյան (71 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանություն է: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով: Հայաստանում փախստական ճանաչվելու եւ ապաստան ստանալու դեպքում անձը օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:
Ապաստան հայցողը կամ փախստականը որեւէ կերպ չի վերադարձվում այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապաստան ստանալու մասին քաղաքացու դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, միգրացիոն պետական ծառայությունն ընդունում է որոշում՝
-Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին կամ
-ապաստանի դիմումը մերժելու մասին:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:




Լրահոս