Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ , քանի որ մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, Աշխատանքի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ.
Բնութագրելով ներկայիս ժամանակաշրջանի կարևոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված և ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը , որին մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մի շարք ազգային պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Հնչած բազմաթիվ հարցերի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողների կողմից հարց է ուղղվել՝ Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների շուրջ, որին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային կորուստների:
Իր խոսքում տիկին Նաղդալյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացահայտվեցին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի, ստանձնած միջազգային բազմաթիվ պարտավորությունների աղաղակող խախտումները ՝ ընդգծելով հատկապես 1994-95 թվականներին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը` Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված, որը պատմության մեջ հայտնի է որպես Բիշկեկյան համաձայնագիր:
Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է ապրիլյան քառօրյա ագրեսիայից հետո, ապրիլի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին , որի ժամանակ ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում նաև՝ պայմանավորվածություն այն մասին, որ պետք է քայլեր ձեռնարկվեն 94-95թթ. ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրերի կատարման մշտադիտարկման ուղղությամբ, և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին:
«Սա հենց այն է, որի շուրջ երկար տարիներ պնդել է հայկական կողմը և որից նույնքան երկար տարիներ հրաժարվել և մերժել է ադրբեջանական կողմը»- շարունակելով իր խոսքը Հերմինե Նաղդալյանը նշեց, որ թեև ներկայումս կան որոշակի հույսեր և ձևավորվել է կարծիք , թե Մինսկի խմբի համանախագահների կոչերը այս անգամ կյանքի կկոչվեն, սակայն, Վիեննայում կայացած հանդիպումների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի կողմից հայտարարություն հնչեց, որը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը նորից քայլեր է անում դեպի այդ պայմանավորվածությունների դրժում:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի այն տեսակետը, որ նման պարագայում խիստ կարևոր է միջազգային հանրության , Մինսկի խմբի համանախագահների հետևողական , հստակ և հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք և հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն և նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը:
Լրագրողների կողմից հարց է հնչել նաև ԱՊՀ ԽՎ 44-րդ նիստի ընթացքում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Իլկա Կաներվայի ելույթի առնչությամբ , որտեղ նա, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծել է , որ կոնֆլիկտները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն, խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին բանակցային ճանապարհն է::
Հերմինե Նաղդալյանը այս հայտարարությունը կարևորել է նախ այն առումով , որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի կողմից ևս մեկ անգամ հնչեցվել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը և որ այն հնչել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ մի վեհաժողովի, որն իր մասնակցությունն է ունեցել 94 թ.Բիշկեկյան համաձայնագրի ստորագրմանը:
Եվ այդ իմաստով շատ տեղին է , որ միջխորհրդարանկան այս վեհաժողովը նաև այսօր սատար կանգնի և զարգացնի այն համաձայնագրերը , որոնք իր ջանքերով ժամանակին ձեռք են բերվել:
Ասուլիսում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը վերահաստատել է ադրբեջանական կողմի հանձնառությունը ՝ հակամարտության լուծումը տանելու Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հայտարարելով, որ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենք հանձնառու են և լիահույս, որ դրանք կաշխատեն, և հունիսյան հանդիպումը արդյունավետ կլինի, սակայն չհապաղելով ևս մեկ անգամ հնչեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իրենց մշտական թեզը:
Այս համատեքստում բավական զավեշտալի իրադրություն է տեղի ունեցել, քանի որ Ադրբեջանցու ելույթից անմիջապես հետո լրագրողները դիմել են տիկին Մատվիենկոյին ՝ Ղրիմի հանրաքվեին և Ռուսաստանի վրա կիրառած սանկցիաներին առնչվող հարցով` այդպիսով նոնսենս իրավիճակ ստեղծելով` երբ Ղարաբաղի հետ կապված խնդրում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից տարածքային ամբողջականության մասին է խոսք գնում, ինչից անմիջապես հետո բարձրացվում է Ղրիմին առնչվող հարցը.
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն, բավական երկար զրուցելով` միասին լքել են ասուլիսի դահլիճը, իսկ լրագրողների հարցմանն ի պատասխան նշել, որ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ: