«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանն իր բացօթյա տարածքը «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում տրամադրել է Երևանի տարբեր թանգարանների, որոնք բացօթյա ցուցադրության հնարավորություն չունեն: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը մայիսի 21-ին հրավիրված ասուլիսում նշեց. «Քանի որ այս տարի Թանգարանների միջազգային օրվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», ցանկանում են ԻԿՕՄՕՍի կարգախոսին համահունչ միջոցառում անցկացնել:
Երևանի թանգարանների մեծ մասը չունեն իրենց բացօթյա տարածքը, ուստի մենք որոշեցինք Երևանի թանգարանների ցուցահանդեսը անցկացնել «Էրեբունի» մշակութային լանդշաֆտում»: Բացօթյա հատվածում ներկակացվում է «Հին Երևան» լուսանկարների ցուցահանդես, իսկ ժամանակավոր ցուցադրությունների սրահում` Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի գործերը, որոնք ստեղծվել են Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին: Գյուրջյանը նշեց նաև, որ կազմակերպվելու են Անկախության 25-րդ տարեդարձ առիթով միջոցառումներ:
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄի, ՅՈՒՆԵՍԿՕի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալմշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան: