ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ-ն միանգամից երկու ուղղություններով բացատրական աշխատանքներ էր իրականացնում Բրյուսելում: Մի կողմից ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն էր, մյուս կողմից՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին մասնակից ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Թե ինչով էր զբաղված Նալբանդյանը, նրա դիվանագիտական աշխատանքներն ինչ արդյունք ունեցան, երեկ՝ մինչ ուշ գիշեր, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Պաշտոնական աղբյուրները լռում էին: «Ժողովուրդ»-ին իր դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի ժամանակով 22:00-ի սահմաններում Նալբանդյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման քաղաքականության եւ հարեւանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, սակայն ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել: Ավելին, Ֆյուլեն ակնարկել էր, որ հնարավոր է՝ ՀՀ-ն ընդհանրապես դուրս մնա «եվրոպական գործընթացներից»: Իսկ ԵԺԿ-ում էլ 1,5 ժամ տեւած 300-հոգանոց քննարկման ժամանակ թեեւ Աշոտյանն առաջարկել էր Ասոցացման համաձայնագիրը վերամշակել եւ նախաստորագրել առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի, այնուամենայնիվ, չէր հաջողվել: ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունել է բանաձեւ՝ դատապարտելով Արեւելյան գործընկերության անդամ երկրների հանդեպ Ռուսաստանի շանտաժն ու ճնշումները եւ հայտարարելով, որ գործում է «կա՛մ… կա՛մ» սկզբունքը: «Այսինքն՝ Մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է Ասոցացման ու ԽՀԱԱՀ ստորագրման հետ»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:




Լրահոս