ՀԱՇՎԵՏՈՒ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի  եւ ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության  նախագծերը: Դրանք ներկայացրել են ՀՀ էներգետիկայի  եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ԱԱԽ նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ Ս.  Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է սեպտեմբերի երեքին Ռուսաստան կատարած իր այցի մանրամասները: Ահա ողջ տեղեկատվությունը, որը ներկայացվում է հանրությանը: Ինչ խոսք, ԱԱԽ աշխատանքը չի կարող լիովին թափանցիկ լինել, սակայն ընդունելի չէ նաեւ այն չափազանց խորհրդապահական աշխատաոճը, որը որդեգրել է այդ կառույցը: Ի վերջո, չի կարելի հասարակությանը  ներկայացնել միայն ոչինչ չասող` «քննարկվել են այս կամ այն հարցերը» ձեւակերպումը` երկրի համար կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Առավել եւս, որ տեսանք, թե ինչով ավարտվեցին 3,5 տարի տեւած` ԵՄ-ի հետ ինտեգրացման շուրջ «քննարկումները»: Միակ դեպքը, երբ ԱԱԽ նիստը քիչ թե շատ թափանցիկ էր, դա ուղիղ մեկ տարի առաջ գրեթե այս օրերին Սաֆարովի արտահանձնման առիթով հրավիրված նիստն էր, որն ԱԱԽ պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվեց ուղիղ եթերով: Իհարկե, դրանից ԱԱԽ կատարած աշխատանքի որակը, ինչպես պարզվեց հետագայում, չփոխվեց. անցած մեկ տարվա ընթացքում ո՛չ շոշափելի քայլեր ձեռնարկվեցին Սաֆարովի արտահանձնման գործով, ո՛չ էլ Գորիկ Գուրգենիչը իրականացրեց իրեն տրված խորհրդավոր հանձնարարությունը: Փոխարենը նա այսօր վիրավորում է զոհված զինվորի ծնողին` անվանելով ոչխար, իսկ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հայրն ինքնասպանության փորձ է կատարում: Առհասարակ, մեր պետությունում այսօր առկա ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը, երկրում խոսքի ազատության եւ թափանցիկության երեւութականություն ստեղծելով, իսպառ վերացրել է հանրությանը հաշվետու լինելու ավանդույթը. նրա պաշտոնավարման տարիներին քիչ-քիչ սովորական գործելաոճ դարձավ ՀՀ կառավարության անդամների` ետնամուտքերով ելումուտն ու լրագրողներից փախչելը: Ինքը՝ Սերժ Սարգսյանը եւս գրեթե անձեռնմխելի է լրագրողների համար. եթե նախկինում կար ավանդույթ, երբ ՀՀ նախագահը յուրաքանչյուր այցից առաջ եւ հետո հենց օդանավակայանում պարզաբանումներ էր տալիս լրագրողներին, ապա հիմա՝ անգամ Մաքսային միությանն անդամակցելու կարեւորագույն որոշման հետ կապված, Ս. Սարգսյանն արդեն երրորդ օրն է՝ ոչ մի բառ չի ասում ժողովրդին: Առավելագույնը, որ նա անում է, ՀՀԿ  ԳՄ-ի հետ հետին թվով քննարկումներն են: Մինչդեռ հիշեցնենք, որ նա ընտրությունների ընթացքում սիրում էր կրկնել, որ բոլորի նախագահն է` իրեն ընտրողների եւ չընտրողների: Այսօր, սակայն, նա իրեն պահում է որպես զուտ ՀՀԿ նախագահ:




Լրահոս