Քաղաքացու իրավունքներն խախտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Եղինյանը, որը բաց նամակով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` խնդրելով օգնել իրեն վերականգնել իր իրավունքները:

«Հաղորդում եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանը, խախտելով ՀՀ քր. դատ. օր.- 14 եւ 239-րդ հոդվածի պահանջները, առանց դատարանի որոշման ապօրինաբար որոշում է կայացրել մերձավոր ազգականներիս հետ իմ նամակագրությունն արգելելու մասին, որը կատարվել է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որի հետեւանքով խախտվել է իմ նամակագրության գաղտնիության իրավունքը: Ես դիմում եմ հասցեագրել ՀՀ լոռու մարզի դատախազին՝ պահանջելով քննիչ Դավիթ Ղազախեցյանի ՀՀ քր. օր.-ի 146-րդ հոդվածի 2-րդ մասով հանցագործության մասին հաղորդում վերցնել՝ մինչդեռ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը հանցագործության դեպքը թաքցնելու դիտավորությամբ իմ կողմից հասցեագրված գրությանը ընթացք չի տվել եւ դեռ ավելին` հրաժարվել է ինձնից հաղորդում վերցնել:

Նշեմ նաեւ, որ հայրս` 2-րդ խմբի հաշմանդամ, վատառողջ Իգոր Եղինյանը, կամավոր մեկնել է ԼՂՀ՝ իր հայրենիքի սահմանները պաշտպանելու, եւ քննիչ Դավիթ Ղազախեցյանը միտումնավոր արգելել է մերձավոր ազգականներիս հետ իմ նամակագրությունը, որպեսզի ես զրկված լինեմ հայրենիքի սահմանները պաշտպանող իմ հայրիկի հետ նամակագրությունից: Ինչպես նաեւ քննիչ Դավիթ Ղազախեցյանն ապօրինի արգելել է իմ տեսակցությունները: Նշեմ նաեւ, որ իմ՝ կալաքնի տակ գտնվելու ժամանակ մահացել է տատիկս, մինչդեռ քննիչ Դավիթ Ղազախեցյանը ինձ չի թույլատրել մասնակցել տատիկիս հուղարկավորությանը:

ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ. Էլիզբարյանը, Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը եւ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանը իմ գլխին սարքել են եւ իրենց տաքուկ պաշտոնները վայելելու, անմեղ մարդկանց գլխին քրեական գործ սարքելու փոխարեն՝ վերը նշված պաշտոնատար անձինք ճիշտ կանեին, որ իրենք նույնպես կամավոր մեկնեին սահման եւ պաշտպանեին իրենց հայրենիքը: Ես նույնպես պատրաստակամություն եմ հայտնել կամավոր մեկնել սահման եւ պաշտպանել իմ հայրենիքը, մինչդեռ այդ կապակցությամբ քննիչ Դավիթ Ղազախեցյանը եւ դատավոր Պետրոս Մարտիրոսյանը հարժարվել են ինձ ազատել կանալքից:

Հարգանքով` «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Եղինյան»:




Լրահոս