Ամբողջ աշխարհում մայիսի 22-ին նշվող Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿն (ԵԿԱ) կազմակերպել էր «Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավը, որի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Անգլիական այգում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ԵԿԱից, միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացվել են հանրային քվեարկությանը մասնակցող տեսակները:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Ամփոփելով հանրային քվեարկության արդյունքները, նշենք, որ տարվա բույս է ճանաչվել Նշենի նաիրյանը (Prunus dulcis), կենդանի՝ Սև ապոլոն թիթեռը (Parnassius mnemosyne), քարաքոս՝ Ռիզոկարպոն աշխարհագրականը (Rhizocarpon geographicum), սունկ՝ Ականջասունկ տափաստանայինը (Pleorotus eringii): Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև լուսանկարչական մրցույթի մասնակիցների (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները և քվեարկության միջոցով ընտրվեցին երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում էին ՀՀ կենսաբազմազանությանը:
«Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավի ընթացքում կազմակերպվել էին նաև Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ սեմինարքննարկումներ Երևանի «Օհանյան», «Մխիթար Սեբաստացի» և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրներում: