ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԵՆ ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կրկին տարերքի մեջ էր: Նա կառավարության նիստում փորձում էր համոզել, թե Հայաստանը մրցունակ երկիր է, որտեղ պաշտպանված են ներդրողները եւ, ընդհանրապես, բիզնեսը: Ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ հնչեն, նա նույնիսկ մեջբերեց միջազգային կազմակերպություններին:
«Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց Հայաստանի համար չափազանց կարեւոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը, եւ ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է, եւ այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ` 25-րդ տեղը»,-կառավարության երեկվա նիստում հայտարարել է նա՝ թվարկելով մի շարք այլ ցուցանիշներ:
Բայց արի՛ ու տես, որ Տ. Սարգսյանի այս հայտարարությունները ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլեւ հերքվում են հենց պաշտոնական վիճակագրությամբ: Եվ ուրեմն, ըստ ԱՎԾ զեկույցի, այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. «2013թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 293.1 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 34.7%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 118.2 մլն դոլար եւ նվազել 64.2%-ով»: Ընդ որում, հարկ է նկատել, որ օտարերկրյա ներդրումները վերջին տարիներին նվազում են հետեւողականորեն: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2011թ. օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 906.3 մլն, իսկ 2012թ.` 656.7 մլն դոլար: Այսինքն` նախորդ տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալները 2011թ. համեմատ նվազել են 27.5 տոկոսով:
Իսկ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների` 64.2 տոկոսով նվազելը կարելի է համարել աննախադեպ, քանի որ վերջին տարիներին նման կտրուկ անկում չէր գրանցվել, այդ ցուցանիշը 50 տոկոսից չէր անցել:
Վիճակագրական այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանը բոլոր ցուցանիշներով պարզապես գահավիժում է: Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանն օտարերկրյա բիզնեսի համար անվստահելի գործընկեր է, որ ՀՀ-ում մարդիկ պարզապես ապագա եւ հեռանկար չեն տեսնում: Ընդ որում, ՀՀ-ում իրենց ներդրումները նվազեցրել են այնպիսի երկրներ, որոնց հետ տնտեսական ու քաղաքական լուրջ համագործակցություն կա:
Ուշագրավն այն է, որ Հայաստանում ներդրումների ծավալները նվազեցրել են օտարերկրյա գրեթե բոլոր պետությունները: Օրինակ՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում 38.2 մլն դոլարի ուղղակի ներդրում է արել, այս տարի թիվը հասցրել է 32.8 մլն-ի: Ֆրանսիան նախորդ տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, իրականացրել էր 207 մլն դոլարի ներդրում, իսկ այս տարի` ընդամենը 28 մլն-ի: Ի դեպ, հիշեցնենք, որ հետագայում պարզվել էր` այս 207 մլն-ն ուղղակի գրվել է` գրվելու եւ ցուցանիշ ցույց տալու համար: ԱՄՆ-ը նախորդ տարվա 2.4 մլն-ի փոխարեն այս տարի իրականացրել է 898 հազար դոլարի ներդրում: Նույնիսկ օֆշորային գոտիներում գործող ընկերություններն են ՀՀ-ում նվազեցրել ներդրումների ծավալները. Սեյշելյան կղզիներից այս տարի բացարձակապես ներդրում չի իրականացվել, այնինչ նախորդ տարի ներդրվել էր 3 մլն դոլար, Կիպրոսից 1.8 մլն-ի փոխարեն ներդրվել է 567 հազար դոլար: Հայաստանում իր ներդրումները կտրուկ նվազեցրել է նաեւ Շվեյցարիան` այդ թիվը 25.2 մլն-ից հասցնելով 4.7 մլն-ի: Համառ պնդումներ կան, որ օֆշորային երկրներից եկող գումարների իրական տերերը հենց ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են. վերջիններս իրենց ընկերությունները գրանցել են օֆշորային երկրներում` այդպես փորձելով օրինականացնել իրենց անօրինական փողերը: Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս