ՏԱՇԻՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաշիր քաղաքում նոր մանկապարտեզ է կառուցվում: Ըստ նախագծի՝ շինարարության արժեքը կազմում է 630 մլն դրամ: Մանկապարտեզի նախկին շենքը, որը կառուցվել էր դեռ 1950-ականներին, արդեն վթարային էր եւ նպատակին չէր ծառայում: Խնդիրը լուծելու նպատակով Տաշիրի քաղաքապետը դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որտեղից պատասխանը չի ուշացել, եւ արդեն հուլիսի 10-ից սկսվել են շինարարական աշխատանքները: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել շենքի շինարարությունը, իսկ հաջորդ տարի՝ ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքները: Նորակառույց մանկապարտեզում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կստանա 140 երեխա: Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանի ներկայացմամբ` նախկին մանկապարտեզում տեղավորված էր 50-60 երեխա, դրա միայն անունն էր մանկապարտեզ, սակայն պայման չկար, որ երեխաները նորմալ իրենց ժամանցը կազմակերպեին:
Աշխղեկ Գուրգեն Ավդալյանի խոսքով՝ շինարար-մասնագետի պակաս չկա. 30-ից ավելի շինարար ունեն, իսկ բանվորական կազմը Տաշիր քաղաքից եւ հարեւան գյուղերից է:  
Տաշիրում այս տարվա համար նախատեսված քաղաքաշինական ծրագրերի զգալի մասն արդեն ավարտված է: Մարզերի համաչափ զարգացման ծրագրի չորրորդ փուլով 30 մլն դրամի տանիքների նորոգման աշխատանքներ են իրականացվել, կատարվել են նաեւ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Շուտով կսկսվեն նաեւ լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքները:
Իսկ Նորաշեն համայնքում բարեկարգվել են գյուղի ճանապարհները, կատարվել են մայթեզրերի բարեկարգման աշխատանքներ, փոխվել են խմելու ջրագծերը, սակայն համայնքում  դեռեւս  չլուծված խնդիրներ կան: Գյուղապետ Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ վերանորոգման կարիք ունի Նորաշենի հիմնական դպրոցը: Այն թեեւ կառուցվել է 1993թ., սակայն, քանի որ շինարարական աշխատանքները կատարվել են ոչ այնքան որակով, դպրոցի գոնե մասնակի նորոգումն անհրաժեշտություն է: 8700 բնակչություն ունեցող Նորաշենն ունի դպրոցահասակ 135 աշակերտ: «Ծրագիրը կա, դիմել ենք մարզպետարան, սակայն գումար չլինելու պատճառով հետաձգվել են վերանորոգման աշխատանքները»,-ասաց դպրոցի տնօրեն Ռաֆիկ Մարտիրոսյանը:
Գյուղը շուտով կունենա նաեւ նախակրթարան: Դպրոցի տնօրենը հույս ունի, որ նախակրթարանի բացումը կնպաստի գյուղից երիտասարդ ընտանիքների արտագաղթի նվազեցմանը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս