ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձը իրավունք ունի՞ օգտվելու սոցիալական փաթեթի հնարավորություններից:
Ռուզաննա Եղոյան (30 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցփաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի ծառայությունները չեն տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին: