ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵՐԸ ԹԵԼԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց: Հանրության մի մասը պնդում է, որ այս քայլը մեզ համար դրական հետեւանքներ կունենա, մյուս մասը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ՀՀԿ նախագահը նման որոշում կայացրել: Այս թեմայի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ, որը հետեւյալ գրառումն էր արել ֆեյսբուքյան իր էջում. “Европа, ты кто такой. Давай до свидания”:
-Ես համոզված եմ, որ այս որոշումը տվյալ պահին միայն օգուտ կլինի մեզ համար: Քննարկումներ պետք են, որ հասկանանք՝ ինչի տակ ենք մտնում որպես երկիր, ու ինչ է լինելու: Ու իմ պատկերացրած միությունն ինձ լիովին բավարարում է, ես համաձայն եմ նախագահի այդ որոշման հետ: Արեւմուտքի կողմից աշխարհում տիրող անպատժելիությանն ու ցինիզմին միակ հակակշիռ ուժը, որ կա, Ռուսաստանն է: Մենք կարող ենք ու պետք է տնտեսական օգուտ քաղենք ամեն ինչից: Իսկ Եվրոպայի բարիքներից օգտվել մենք չենք կարող, քանի որ անգամ եվրոպացիները չեն կարողանում դրանից օգտվել: Ինչ կատարվում է այսօր գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ցույց է տալիս, որ ինչպես կոմունիզմը, այնպես էլ կապիտալիզմը մի օր կործանվելու է, ու եթե մենք այդ կործանման ժամանակ լինենք Եվրոպայի կողքին, միանշանակ մեզ էլ կկորցնենք: Եվրոպայի կազմում գտնվող ազգերը կորցնում են իրենց ինքնուրույնությունը, իրենց ով լինելը… Վստահ եմ, որ Ռուսաստանի այդ դաշինքին միանալու դեպքում այդ ամենը կարող ենք պահպանել: 
-Բայց պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ նույն ռուսները մեզ դավաճանել են: 
Կան փաստեր, որ ե՛ւ եղել են, ե՛ւ չեն եղել, Եվրոպայի բացասական կողմերն էլ մենք տեսել ենք, երբ Սեւրի պայմանագրի ժամանակ մեզ դավաճանեցին բոլոր այն եվրոպական երկրները, որոնք այսօր մեզ ձգում են դեպի իրենց: Գնալ այն Եվրոպան, որից մենք լավություն չենք տեսել, աբսուրդ է: Ցանկանալով միանալ այս կամ այն դաշինքին՝ իրենք իրենց թույլ են տալիս նույնիսկ պատերազմ սկսել, ինչպես Իրանն էր, Եգիպտոսը, Սիրիան: Դրա համար ես նրանց քաղաքականությանը չեմ կարող վստահել: 
-Իսկ Ռուսաստանին կարո՞ղ եք վստահել, նրանք այնքան ժամանակ մեզ կպաշտպանեն, քանի դեռ իրենց պետք ենք: 
-Ես դրան նայում եմ լրիվ նորմալ, որովհետեւ բոլոր ազգերին է վերաբերվում, այսօրվա վիճակ է, մենք պետք է կարողանանք իրար պետք լինել բոլոր իմաստներով: Մենք պետք է համագործակցենք այն երկրների հետ, որոնց հետ գտնվում ենք մի երկրագնդի վրա:
Ցավոք սրտի, մենք ունենք չլուծված Ղարաբաղի խնդիր, ու այդ խնդիրն ունենալու պարագայում մենք չենք կարող թելադրանքի լեզվով խոսել այս կամ այն երկրների հետ: Մենք այն գեոպոլիտիկական դիրքում չենք, որ կարողանանք մերը թելադրել կամ բոլորին ստիպել ընդունել մեր շահերը: Մենք չենք կարող Հյուսիսային Կորեայի պես մեր սահմանները փակել, մեր ատոմային ռումբը սարքել ու նստել այդ ռումբի վրա: Մենք պետք է որեւէ կողմ ընտրենք ու գնանք առաջ` չկորցնելով մեր լավագույն հատկանիշները:
-Ձեզ մոտ երբեւէ ցանկություն չի՞ եղել այլ երկրում ապրել:
-Երբեք չի եղել, անկեղծ եմ ասում: Շատ վաղուց մի պահ եղավ, որ գրեթե բոլորը գնում էին, ու ես ինձ որսացի այն մտքի վրա, որ իմ գնալը հնարավոր չէ:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը 10 տարի հետո:
-Ես հուսով եմ ու վստահ, որ միանշանակ դեպի լավը կգնա: Չեմ կարծում, որ այս որոշումից հետո մենք կանգնած ենք կործանման եզրին: Ես ուղղակի չեմ վստահում, ցինիկ, գիշատիչ, այլասերված Եվրոպային ու չեմ ուզում լինել այդ համակարգի մի մասնիկը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 611 համար




Լրահոս