ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ մտադրության  մասին հայտարարությունից հետո հակառուսական կրքերը շարունակում են թեժանալ  Հայաստանում: Այս օրերին անցկացվում են Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված տարբեր ակցիաներ, որոնք, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ուղղորդվում են Բաղրամյան 26-ից, քանի որ մասնակիցների թվում են հենց նրանց ծպտյալ վստահելիները:  “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել՝ արդյոք նման ուղղորդվածություն տեսնում են քաղաքական դաշտի ներկայացուցիչները:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարո՛ն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երբ ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ՀՀ-ն մտադիր է միանալ Մաքսային միությանը, ՀՀ-ում հակառուսական ընդվզումների ալիք է բարձրացել: Սակայն տեսակետ կա, որ այդ ընդվզումներն ուղղորդված են: Դուք համամի՞տ եք:
-Ընդվզումն այն է, երբ մասնակցեն լայն ժողովրդական զանգվածները, խոսքն այն մասին է, որ որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտում, նաեւ օլիգարխներն են իրենց դժգոհությունն արտահայտում, բայց ոչ ցույցի միջոցով: Դա էլ է հասկանալի` իրենց՝ ՀՀ-ից արտահանած հիմնարկները գտնվում են եվրոպական օֆշորներում: Ես դա ընդվզում չեմ համարում:
-Տեսակետ կա, որ ակտիվիստների բողոքի ակցիաներն ուղղորդված են Բաղրամյան 26-ից` ուղղակի ՌԴ-ի աչքին “թոզ փչելու” եւ ասելու համար, թե տեսե՛ք, ՀՀԿ առաջնորդի նման որոշումից հասարակությունն ընդվզում է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նման քայլերի գնում:
-Դա լուրջ հարց է, որովհետեւ երբ ժամանակին ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էին, եղան տեսակետներ, որ դա այն ֆեյսբուքյան շրջանակն է, որն իշխանության ներգործությամբ է փողոց դուրս եկել: Գաղտնիք չէ, որ իշխանությունն ունի իր կողմից սնուցվող մարդիկ, ովքեր նման տրամադրություններ են շոշափում: Դա հասկանալի է: Ինչպես նաեւ Դուք գիտեք, որ փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք սնուցվում են արեւմտյան գրանտներով: Իսկ ՌԴ-ն այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ է արել, բայց քաղաքական ինվեստիցիաներ չի արել: Ի տարբերություն դրան՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում արել են լուրջ քաղաքական ինվեստիցիաներ, ՌԴ-ն նման բաներով չի զբաղվել: Հիմա դրա պտուղները մենք տեսնում ենք ու դեռ կտեսնենք: Ոչ մի զարմանալու բան այդտեղ չկա:
-Այժմ հասարակությունը պահանջում է, որ հանրաքվե անցկացվի ու հստակեցվի, թե ժողովուրդը որ ուղղությունն է նախընտրում՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք:
-Հայաստանի քաղաքագետների միության անդամ Սամվել Մանուկյանը ներկայացրել է մի սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքներն ակնհայտորեն ապացուցում են, որ Հայաստանի ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ ինտեգրմանը: Ոչ թե Եվրամիության, այլ ՌԴ-ի հետ, դա 82 տոկոսն է: Դրանք սովորական մարդիկ են: Բացի դրանից, ես Ձեզ մի բան եմ ասում, եթե մենք չգնանք Մաքսային միությանը անդամակցելու եւ չգնանք Եվրասիական միությանն անդամակցելու ճանապարհով, ապա երկու դեպքում էլ մենք դառնում ենք բաժանված ժողովուրդ:
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան,  այս օրերին ՀՀ-ում հակառուսական տրամադրություններն ուժգնացել են, նախօրեին ակտիվիստները Բաղրամյան 26-ում լուրջ բախումներ ունեցան  ոստիկանության հետ: Սակայն այժմ տեղեկություններ կան, որ այդ ընդվզումներն ուղղորդված են իշխանությունների կողմից: Դուք ի՞նչ եք կարծում, իրականում նման բան կա՞:
-Չեմ կարծում, թե  իշխանության կողմից ուղղորդված է, միգուցե կան ուժեր, որոնք փորձում են ուղղորդել: Մեծ մասամբ այն ամենը, ինչ տեղի է ունենում, դրան մասնակցում են այն մարդիկ, որոնք ունեն իրենց տեսական պատկերացումը մեր երկրի զարգացման համար:
-Իսկ ըստ Ձեզ՝ ովքե՞ր են նման տրամադրություններ ստեղծողները:
-Ես չէի ասի՝ հակառուսական գաղափարներ ստեղծողներ, մարդիկ փորձում են իրենց գաղափարներն առաջ տանել: Տեսնելով, որ իշխանությունները որոշել են գնալ Մաքսային միության հետ ինտեգրման, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: 
-Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցը հանրաքվեով լուծելու շուրջ: Նշվում է, որ ռուսամետությունը գենետիկորեն ,նստածե է հայերի մեջ: Համաձա՞յն եք:
-Եթե հաշվի առնենք այսօրվա մեր երկրում ընտրական համակարգերի զարգացման մեխանիզմը, որը թույլ է տալիս իշխանությունների կողմից ցանկացած խնդրի ժամանակ իրենց համար ցանկալի լուծում գտնել, ապա հանրաքվեն ուղղակի անիմաստ է: Ավելի ճիշտ կլիներ, եթե լինեին հանրային քննարկումներ, որտեղ մարդիկ կկարողանային բաց եւ ազատ իրենց տեսակետներն արտահայտել, որպեսզի կարողանայինք ընդհանուր ընկալումները հասկանալ: Մի բան պատկերացնենք, մենք ասում ենք, որ աշխարհում ունենք 10-12 միլիոն հայեր, որոնցից 2 միլիոնը ՌԴ-ում են, մնացածը՝ արեւմտյան մյուս երկրներում, այստեղ ընտրության հարց է, թե մարդիկ որտեղ կցանկանային իրենց կյանքը տեսնել: Այնպես որ, չեմ կարող ասել, որ այստեղ ռուսամետության խնդիրն է, ես ուրախ կլինեմ, որ հայերը չունենան ֆոբիաներ, պետք է ընդունել այն երկրին, որը մեր երկրի հանդեպ չունի թշնամանք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 611 համար




Լրահոս