Ում պատվերն է կատարել Տիգրան Ուրիխանյանը. analitik.am-ի տնօրենի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շորթման մեղադրանքով կալանավորված analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված, ինչպես ինքն է բնութագրում, գործի իրական պատվիրատուների հետ:

Հայտարարության մեջ ասվում է. «Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ

Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:

ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց: Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է:

Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցության համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ և շորթման գործ սարքել: Ե՛վ ՌԴ դեսպանը, և՛ նրա գործակալը՝ Ուրիխանյանը, վստահ էին, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, կընկրկեմ և կդադարեցնեմ պայքարս Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավավելու դեմ: Սակայն վերջիններս չարաչար սխալվում են:

Այդ առումով ես՝ Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ

Կլինեմ ազատության մեջ, թե՝ բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ: Ինձ հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու եմ Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը:

Դա է պահանջում իմ Հայրենիքի անվտանգությունը: Դա են պահանջում Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև օրս զոհված քաջազնունիների շիրիմները և նրանց մայրերի և կանանց արցունքները: Դա են պահանջում այսօր սահմանին կանգնած մեր զինվորները և կամավորականները, որոնց թիկունքում՝ Մայր Հայաստանում, ունեզրկում է ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկը:

Իմ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեմ պայքարելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց դրան էլ եմ պատրաստ և պայքարելու եմ մինչև վերջ:

Իսկ ՀՀ-ում Ադրբեջանի տնտեսական գործունեության շահերը սպասարկող ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը  և նրա գործակալ Ուրիխանյանը շատ շուտ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ որպես հայադավ ու թուրքամետ քաղաքականության կրողներ:

Հայտարարությանս մեջ նշված հանագամանքների հետ կապված ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնան քննության առարկա, որտեղ մանրամասն հիմնավորումներով  նշելու եմ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի թեման չփակելու դեպքում ՌԴ դեսպանի կողմից ինձ բացահայտ սպառնալու հանգամանքները և նրա ցուցումով նրա գործակալ Ուրիխանյանի գործունեությունը:

Պայքարելու եմ մինչև վերջ: Ադրբեջանը ոչ մի դեպքում տնտեսական գործունեություն ՀՀ-ում չպետք է իրականացնի և պետք է հեռանա Հայաստանից, որքան էլ որ դա դուր չի գալիս թշնամի պետության շահերի պաշտպան ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և նրա գործակալ Տիգրան Ուրիխանյանին:

Միաժամանակ հույսեր չունեմ, որ ցուցմունքներս կամ հայտարարությունս կարող են դառնալ քննության առարկա, ավելի շուտ վստահ եմ, որ այն քննության կողմից զգուշորեն կշրջանցվի, որովհետև իմ դեմ է և գործի պատվիրատուն է հզոր Ռուսաստանի դեսպանը, որին ՀՀ-ում կարելի է ամեն ինչ:

Բայց, այնուամենայնիվ, սա իմ դիրքորոշումն է, իմ երկրի և իմ երկրի անվտանգության համար տարված պայքարը, և ես երբեք չեմ նահանջելու՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ում Ադրբեջանի դեմ պայքարելու համար ինձ՝ հայ կնոջս և լրագրողիս, որքան կդատապարտեն»:




Լրահոս