Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է կատարվում իրավաբանական անձի վերակազմակերպման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում իրավաբանական անձի վերակազմակերպման գործընթացը:

Եպրաքսիա Միրզոյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման եւ վերակազմավորման միջոցով: Միաձուլման դեպքում երկու կամ ավելի իրավաբանական անձինք միանում են՝ ստեղծելով նոր իրավաբանական անձ, որն էլ հանդես է գալիս որպես միաձուլվող իրավաբանական անձանց իրավահաջորդ:
Միացման դեպքում մեկ իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը, եւ նրան են միանում մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք, որոնց գոյությունը դադարում է, իսկ պահպանվող իրավաբանական անձը հանդես է գալիս որպես միացող իրավաբանական անձանց իրավահաջորդ: Բաժանման դեպքում մեկ իրավաբանական անձը տրոհվում է երկու կամ ավելի իրավաբանական անձանց, արդյունքում դադարում է իրավաբանական անձի գոյությունը եւ ստեղծվում են այլ իրավաբանական անձինք, որոնց միջեւ բաշխվում է բաժանվող իրավաբանական անձի գույքը: Առանձնացման դեպքում իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը, սակայն նրանից առանձնանում են մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք: Առանձնացող իրավաբանական անձին կարող է տրամադրվել գույք, եւ դրան համապատասխան վերջինիս վրա կարող են դրվել պարտավորություններ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերակազմավորման դեպքում տեղի է ունենում իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձեւի փոփոխում:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:




Լրահոս