Երբ և ինչու են ձերբակալվել ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armtimes.com կայքը երեկ գիշեր հրապարակեց մի լուր, համաձայն որի՝ գիշերը ձերբակալվել են տրանստպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Պատճառը քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելն էր: Քաղաքացին բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել և դեպքը իրավապահները չէին գրանցել:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել ծեծի գործի ողջ մանրամասները: Այսպիսով, պատմությունը սկսվել է մի առաքիչից, որը իր աշխատանքի բերումով գնացել է «Երեւան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու եւ ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները եւ նրան ներս թողել:

Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից գումարներ են պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը, որտեղ եղել է բանկային քարտի կոդը, տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել՝ հանդիպել: Առաքիչն իր եղբոր եւ մի ընկերոջ հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ իր հերթին պայմանավորված վայր է հասել իր եղբոր եւ ընկերների՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահների ուղեկցությամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ «Կարֆուրի» անվտանգության աշխատակիցը եւ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել առաքիչին, նրա եղբորը եւ ընկերոջը: Ըստ ամենայնի՝ «Կարֆուրի» աշխատակիցը չի ընդունել իրենց հասցեագրված մեղադրանքը, թե ինքն է առաքիչի հաշվեհամարից գումարներ քաշել:

ՀՀ Քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ մայիսի 16-ին այս գործով ձերբակալվել է 6 հոգի, որից 4-ը Բեգլարյանի թիկնապահներն են: Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որեւէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը (անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ):

ՀՀ Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում:

Տեղեկացնենք, որ գործով կան նաեւ կալանավորվածներ:

Նշենք, որ ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպի մասնակիցներից Ա. Կարախանայանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից մեկի մորաքրոջ տղան է:

Անի Ստեփանյան




Լրահոս