ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՆՍՏԵՑԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Հայաստանի ժամանակով կեսգիշերին մոտ, Վիեննայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Երեկ ողջ օրը՝ մինչ հանդիպման մեկնարկը, դեռ հայտնի չէր՝ Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Սակայն Երեւանի ժամանակով 23.00-ին հանդիպումն, այնուամենայնիվ, մեկնարկեց: Միջնորդների նման ներկայացուցչական մասնակցությունը արդեն իսկ փաստում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշել են միահամուռ կերպով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Եւ ուշագրավը բանակցության սեղանի տեղերի բաշխումն էր: Սերժ Սարգսյանի կողքին նստած էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրանց դիմաց նստած էին Իլհամ Ալիեւը, որի մի կողմում նստած էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մյուսում՝ Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը: Սեղանի վերին մասում նստած էր ԱՄՆ պետ քարտուղար Ջոն Քերրին, որի ձախ կողմում նստած էր իր տեղակալը՝ Վիկտորիա Նուլանդը, եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկը, իսկ աջում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանդիպումը տեւեց ավելի քան մեկուկես ժամ: Հանդիպումից հետո, սակայն, կողմերը հրաժարվել էին որեւէ հայտարարություն անել: Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը, պատասխանել էր՝ նորմալ: Նա նաեւ ասել էր, որ համանախագահները շուտով հայտարարություն կտարածեն: Մեկ բան ակնհայտ էր, որ հանդիպման արդյունքում, կարծես թե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ թե ինչ են պայմանավորվել կողմերը, առաջիկա օրերին պարզ կդառնա: Թեեւ ի սկզբանե նախատեսվում էր, որ լինելու է հանդիպում զրոյական արդյունքով:

 

 

 
Երեկ խորհրդարանը ավարտեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, այն այսօր կդրվի քվեարկության եւ կասկածից վեր է, որ կընդունվի: Իհարկե, օրինագիծը դեռ պետք է նաեւ երրորդ ընթերցում անցնի, սակայն դրա արդյունքում այն այլեւս չի կարող բովանդակային փոփոխություն կրել: Երեկվա քվեարկության արդյունքում եւս ակնհայտ դարձավ, որ իրականում կուսակցություններին ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ Աժ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է լինելու Հայաստանի 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առնվազն 5 թեկնածու առաջադրել, որոնցից 2-ականը՝ կին: Կուսակցությունները պնդում են, որ այդպիսով առաջարկվող համակարգը դադարում է լինել համամասնական, եւ որ այդպես հակառակը մեծամասնական, ասել է, թե անհատ պատգամավորների դերն է բարձրանում: Եւ հիմա գլխավոր հարցն այն է, թե որտեղից են այդքան թեկնածուներ ճարելու, որոնք տեղերում կգնան եւ իրենց կներկայացնեն քաղուժերին:

 

 

 
Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են եւ մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը եւ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր եւ պատգամավորի միջեւ գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում էլ նա իրեն 300 հազար դրամ է վճարել: Փոխարենը Ուրիխանյանը պնդել է այն ամենը, ինչ նա նշած է եղել իր հաղորդման մեջ, այն է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն: Քանի որ պատգամավորի եւ կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը:

 

 

 
Երեկ լրագրողները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ճիշտ է, որ N զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանը, որին գործարար Սամվել Ալեքսանյանն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան էր նվիրել, աշխատանքից ազատվել է: Խոսնակն առանց որեւէ ճշտման պատասխանել է. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ իրականում Գեւորգյանը պաշտոնանկ չի արվել եւ շարունակում է իր ծառայությունն իրականացնել: Իսկ նվիրված ամենագնացը գրանցել են զորամսի հաշվեկշռում եւ օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա: Իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չկա նման բան, ինչ հեռացնել, դրանք խոսակցություններ են: Այդ մարդը լավ բան է արել, իր անձնական մեքենան է նվիրել, դա մեր գործունեության համար ենք օգտագործում, ինչի համար ինձ պետք է գործից հանեն»: Ներկա պայմաններում ավելի լավ կլինի, որ Հովհաննիսյանը նման դեպքերում խնդիրը ճշտելուց հետո իրեն իրավունք վերապահի պատասխան տալ, այլ ոչ թե որոշել` չեղած փաստը մեկնաբանե՞լ, թե՞ ոչ:

 

 

 
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում` Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի տարածքից Վրաստանով եւ Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա: Նախօրեին` Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այդ խնդրի լուծման ուղղությամբ երեք երկրների ուժերի համատեղման հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ կապակցությամբ ասել է. «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուղերի անվտանգության ապահովման հարցը, եւ այդ հաշվով համաձայնության հասել»:
Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ առնվազն Բաքու-Ջեյհան նավթատարի դեպքում նման համաձայնությունն արդեն իսկ առկա էր դեռեւս 2003 թ-ից, երբ այդ երկրների հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության արձանագրություն ստորագրվեց:
Հետեւաբար այն, որ այժմ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են թարմացնել այդ համաձայնությունը եւ վերստին հայտարարել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող նավթագազամուղները իրենց համատեղ ռազմական վերահսկողության տակ են, ցույց է տալիս, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից` պատերազմի հնարավորության դեպքում այդ կարեւորագույն օբյեկտները խոցելու շուրջ:
Սա, իհարկե, բարդացնելով նման հեռանկարի իրագործումն, այնուհանդերձ, որւէ կերպ չի բացառում այն: Ուստի հայկական կողմից հենց այդ ուղղությամբ հայտարարությունները, կարծում ենք, ադրբեջանական նոր սադրանքների սանձազերծման դեպքում պետք է առավել կոշտ եւ վճռական բնույթ ստանան: Այդ մասին պետք է հայտարարվի արդեն ոչ թե երկրի նախկին պաշտպանության նախարարի մակարդակով, ինչը որ արվեց այս օրերին, այլեւ հենց ներկայիս` գործող ռազմական հրամանատարության կողմից:
Հատկապես առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում նման հայտարարությունները նաեւ լրջորեն կվտանգեն Ադրբեջանի առաջիկա ծրագրերը` մասնավորի կասպիական Շահ Դենիզ հանքավայրից սկիզբ առնող Տրանսատլանտյան գազամուղի (TANAP) կառուցումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2019 թ-ին:
Ի վերջո, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահվածքը հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը, բացի ուժի լեզվից, որեւէ այլ` դիվանագիտական կամ հումանիտար լեզու չի հասկանում:




Լրահոս