Մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները եզրափակիչ հայտարարություն են տարածել: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀԿ-ից, հայտարարությունում նշվում է.
Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով`
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը,
Ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը,
Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը,
Կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում,
Քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանադությունների շրջանակում,
Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:
Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:
Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական, իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են :
Հավաստում ենք, որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:
Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով:
Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:
Առաջնահերթություն ենք համարում նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում :
Վերահաստատում ենք նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ազատ դեմոկրատներ կուսակցություն
Ազատ Հայրենիք կուսակցություն
Ազատություն կուսակցություն
Ազգային միաբանություն կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույց
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն
Հզոր Հայրենիք կուսակցություն
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն