ԵՐԲ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել երկու սպանություն: Մի դեպքում հորեղբայրը սպանել է իր եղբոր 23-ամյա որդուն, իսկ  մյուս դեպքում էլ 31-ամյա որդին սպանել է 48-ամյա հորը:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 4-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երեւանի Օգանովի փողոցի թիվ 2 շենքի մոտ վիճաբանության ժամանակ Գրիգոր Պողոսյանը խոհանոցային դանակով հարվածել է Վահագ Պետրոսյանին, որի հետեւանքով վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնում  մահացել է:
Վահագն աշխատում էր շինանյութի  խանութում: Ամուսնացած չէր: Ապրում էր մոր հետ, իսկ հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Վահագի մայրը` Մարինեն, աշխատում է Աջափնյակ վարչական շրջանի հացի արտադրամասերից մեկում: Ինչպես պատմեցին Մարինեի գործընկերուհիները, դեպքի օրը՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, զանգահարել են Վահագի մորը եւ ասել, որ իր որդուն դանակահարել են: «Մենք միայն դա գիտենք ու արդեն հաջորդ օրն իմացանք, որ Մարինեի տղան մահացել է: Այլ բան չգիտենք»,-ասաց աշխատակիցներից մեկը, որը խուսափեց ներկայանալ: Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ Մարինեն բավական ծանր է տարել որդու մահվան լուրը. «Երբ բժիշկն ասել է այդ մասին, նա վշտից, հուզմունքից կորցրել է իրեն, խփել, հիվանդանոցի ապակիներն է կոտրել»: Ընդ որում, մայրը մինչ տղայի մահանալը չի իմացել, որ նրան սպանել է իր ամուսնու եղբայրը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց սպանված Վահագի հարազատներից Գառնիկ Պետրոսյանի հետ (հարգելի պատճառներով նրա անունը ներկայացնում ենք փոխած): «Այդ գիշեր տանը եղել են երեք հոգի՝ Վահագը, իր հորեղբայրը` Գրիշը, եւ Վահագի հորաքրոջ տղան: Հաց են կերել, մի լավ խմել, ու հետո տեղի է ունեցել այս դեպքը: Ինչ-որ խոսակցություն է եղել, չեն հասկացել իրար, սկսել են հայհոյել ու վիրավորել, ու այս ամենի արդյունքում հորեղբայրը դանակով երկու անգամ խփել է»,-պատմեց Գառնիկը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ հորեղբայրը գիշերը կատարած սպանությունից հետո առավոտյան հանգիստ ներկայացել է աշխատանքի, իսկ Վահագի ընտանիքի անդամները, չհասկանալով, որ տղան լուրջ վնասվածք է ստացել, նրան մի քանի ժամ պահել են տանը: Սակայն Վահագի վիճակը գնալով այնքան է վատացել, որ այլ ելք չունենալով՝ հարազատները տղային տեղափոխել են հիվանդանոց: «Վահագը եւ իր հորեղբայրը շատ լավ  հարաբերություններ են ունեցել, իրար շատ լավ հասկացել են: Այս ամենը կարծես թե Հուդայի պատմությունը եղավ: Վահագի հորը, որը Ռուսաստանում է, ասել ենք, որ իր տղայի հետ նման դեպք է եղել, բայց չենք ասել, թե ով է եղել սպանողը: Շատ խառը իրավիճակ է ու բոլորի համար անսպասելի»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ Վահագի մահվանից անմիջապես հետո բոլոր հարազատներին տարել են  ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հարցաքննության: Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (անզգուշությամբ առաջացնել տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝  5-10 տարի ժամկետով):
Եվս մեկ սպանություն էլ կատարվել է նույն օրը՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում: Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 31-ամյա Վանիկ Ջուլհակյանը դանակով հարվածել եւ սպանել է հարազատ  հորը՝ 48-ամյա Սամվել Ջուլհակյանին: Մեզ հետ զրույցում Ուռուտի ղեկավար Սերգո Ջուլհակյանը պատմեց, որ հորը սպանած Վանիկն ալկոհոլ շատ էր օգտագործում. «Ռուսաստանից նոր էր եկել:  Ոչ մի կենցաղային հարցեր չեն ունեցել: Հարբեցող էր, ու  մշտապես կռիվներն անպակաս էին այդ տանից: Նույնիսկ մի քանի անգամ ես էլ եմ ծեծել այդ Վանիկին, շատ անհամ տղա է: Լուրջ ժամանակ մարդու դեմքին չէր նայում, իսկ երբ խմում էր, ահավոր էր: Նրա հայրը կաթված էր ստացել, տրոմբ էր առաջացել, եւ նրա ոտքը հեռացրել էին, այդ մարդը  սայլակի վրա էր»:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է: Իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով):
Նկատենք, որ վերջին շրջանում հարազատների միջեւ կատարված սպանությունների  դեպքերը մեծ թիվ են կազմում: Անցած տարիներին երկրում ձեւավորված սոցիալական ծանր պայմաններն ու հոգեւոր արժեքների դեգրադացիան իրենց բացասական ազդեցությունն են ունեցել ավանդաբար սուրբ համարվող ընտանեկան եւ բարեկամական հարաբերությունների վրա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս