ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը, որին դեմ է հանրապետության համայնքապետերի մեծ մասը: Սակայն, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, համայնքների խոշորացումը եւ միջհամայնքային համագործակցության զարգացումը Հայաստանի համար խիստ արդիական եւ հրատապ լուծում պահանջող խնդիր են: Նախատեսվում է, որ համայնքների խոշորացման արդյունքում էապես կտնտեսվեն ծախսերը: Միեւնույն ժամանակ, սակայն, համայնքների խոշորացման դեպքում աշխատանքից կզրկվեն հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասն էլ ստիպված կլքի երկիրը:
ՀՀ ՏԿՆ նախաձեռնությամբ մշակվել է համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը, որը 2008թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ի գիտություն: 2009-2011թթ. ընթացքում իրականացվել են հայեցակարգի կատարելագործմանն ուղղված ուսումնասիրություններ` միջազգային փորձի համադրմամբ: Եվ գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տեխնիկական օժանդակությամբ մշակվել են ՀՀ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի համայնքների խոշորացման օրինակելի ծրագրերի նախագծերը: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա լրամշակվել եւ 2011թ. հունիսին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հավանության է արժանացել 2011թ. նոյեմբերի 10-ին: Իսկ թե երբ կսկսվի համայնքների խոշորացման գործընթացը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն հիմա քննարկումների փուլում է:
Այս գործընթացի առաջին փուլում նախատեսված է խոշորացնել Վայոց ձորի եւ Սյունիքի համայնքները: Ըստ ծրագրի՝ Վայոց ձորի մարզի 44 համայնքների թիվը խոշորացնելու միջոցով նախատեսված է դարձնել 7: Այսինքն՝ Եղեգնաձոր համայնք՝ Ագարակաձորի, Գնիշիկի, Գետափի, Արփիի, Աղավնաձորի, Գլաձորի եւ Վերնաշենի ընդգրկմամբ, Մալիշկա համայնք, Զառիթափ համայնք՝ Բարձրունու, Գոմքի, Խնձորուտի, Մարտիրոսի, Նոր Ազնաբերդի եւ Սերսի ընդգրկմամբ, Ջերմուկ համայնք՝ Գնդեվազի ընդգրկմամբ, Վայք համայնք՝ Արինի, Ազատեկի, Արտավանի, Սարավանի, Փոռի, Հերհերի, Կարմրաշենի եւ Զեդեայի ընդգրկմամբ, Շատին համայնք՝ Աղնջաձորի, Արտաբույնքի, Գողթանիկի, Եղեգիսի, Թառաթումբի, Հերմոնի, Հորբատեղի, Հորսի, Սալլիի, Վարդահովիտի եւ Քարագլուխի ընդգրկմամբ, եւ Արենի համայնք՝ Խաչիկի, Ելփինի, Չիվայի եւ Ռինդի ընդգրկմամբ:
Ըստ «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի՝ որեւէ խոշոր գյուղի հետ միավորվող փոքր գյուղերը զրկված են լինելու ամեն ինչից. «Աբսուրդ: Պատկերացրե՛ք, որ հինգ-վեց համայնք միացած են իրար, որոնցից մեկը դառնում է կենտրոն: Սա կսկսի զարգանալ, բայց մյուսները կմնան զուրկ. կդատարկվեն, կծերանան եւ ժամանակի ընթացքում կվերածվեն պատմական հուշարձանների»:
Ս. Սեդրակյանի կարծիքով՝ համայնքների խոշորացումից հետո ավելի հեշտ կկեղծվեն ընտրությունները. «Թե նախկինում դժվարությամբ էին կարողանում բազմաթիվ գյուղապետերի հետ լեզու գտնել, սրանից հետո հեշտությամբ հարցեր կլուծեն: Այսօր ՌԴ-ի իշխանությունները մտածում են, թե ինչպես անեն, որ իրենց անտերության մատնված տարածքները վերաբնակեցնեն, իսկ մենք շենացնելու փոխարեն մեր համայնքները դատարկում ենք»:
Վայոց ձորի մարզի Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետերը եւ գյուղացիները լավ տեղեկացված չեն այս գործընթացին. «Եթե հզոր տնտեսության հույս ունենանք, լավ կլինի: Բայց եթե այս պայմաններով շարունակենք, ապա ամենեւին էլ լավ չէ, հեռավորությունը, ժողովրդի դժգոհությունը կմնա: Ինչ-որ գումարների տնտեսում հաստատ կլինի: Եթե Հորսի աշակերտին տրամադրեն տրանսպորտային միջոց, որ նա կարողանա գալ Շատինի դպրոց, դժգոհություն չի լինի: Բայց այս պահի դրությամբ դեռ ոչինչ պարզ չէ»:
Նույն մարզի Թառաթումբի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանն ասաց, որ դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն համայնքների խոշորացման վերաբերյալ չի ստացել. «Բայց սա լավ բանի չի բերի: Բոլոր գյուղերը կքայքայվեն, կդատարկվեն: Անկախ նրանից՝ հետագայում ես կշարունակեմ աշխատել որպես համայնքապետ, թե ոչ, միեւնույն է, ես դեմ եմ այս գործընթացին՝ համագյուղացիների մասին մտածելով: Այս խոշորացումից հետո, բնականաբար, Թառաթումբում ոչ մի շինարարություն կամ բարեկարգում չի լինի, ամեն ինչ կգնա Շատինին. Աստված ասում է՝ նախ քո՛ ծառը ջրիր, հետո՝ ուրիշինը: Մեր ճամփեն էլ պետք է լինի դեպի ՌԴ կամ արտերկիր»:
Այսպիսով` հատկապես վերջին շրջանում ահագնացող արտագաղթը կանխելու փոխարեն իշխանություններն այն արագացնելու, դրան նոր թափ հաղորդելու քայլեր են ձեռնարկում: Այսինքն՝ փոխանակ լեռնային սահմանամերձ գյուղերին տան որոշակի արտոնություններ, միացնում են համայնքները: Ստացվում է, որ հիվանդին բուժելու փոխարեն պարզապես սպանում են. չկա մարդ, չկա պրոբլեմ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս