Քաղաքական հրահանգ. ՀՔԾ քննիչները հայտնվել են անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին քաղաքական հրահանգ է տրվել պատժել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, եւ հիմա քննիչները հայտնվել են անելանելի վիճակում:

2016 թվականի ապրիլի 18-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ, պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ. Ա.-ն եւ Թ. Հ.-ն:

Նշենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել եւս 6, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործունեության մսով հարուցված քրեական գործերից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ի՞նչ է եղել: Հայտնի է, որ Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն արձանագրում է երթեւեկության կանոններ խախտած վարորդների մեքենաները: Իսկ խախտման վերաբերյալ արձանագրությունն ուղարկվում է ճանապարհային ոստիկանություն, որտեղ էլ ՃՈ աշխատակիցները սահմանում են խախտումը եւ հաշվարկում տուգանքները:

Եվ, ահա, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները կատարել են իրենց առաջադրանքը եւ վարորդների կողմից կատարված խախտումները ուղարկել են ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ սկսվել է պատմությունը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են հաշվարկել խախտումները, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հասցնել հաշվարկել ուղարկված բոլոր խախտումները:

Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե ինչպես է այս մասին իմացել ՀՔԾ-ն: Բայց, ըստ ամենայնի, պատմությունը մոտավորապես այսպես է եղել. «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանություն է ուղարկվել երթեւեկության խախտում իրականացրած, օրինակ, 500 ավտոմեքենաների համարներ, սակայն ճանապարհային ոստիկանությունը 500 մեքենաների տուգանքի չափով սահմանված վճարումը չի ուղարկել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը եւ պետական բյուջեի հաշվեհամարին՝ ներկայացնելով առավել նվազ թիվ:

Եվ այստեղ հարց է առաջացել՝ որտեղ են մեքենաների խախտումների համար սահմանված տուգանքները: Չի բացառվում, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ը իրավապահներին հայտնել է, որ միգուցե ճանապարհային ոստիկանությունը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով է համապատասխան մարդկանց «փրկում» տուգանքները վճարելուց՝ դրա համար ներկայացնելով ամենատարբեր պատճառաբանություններ:

Եվ հիմա, երբ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել եւ հարցաքննվել են ՃՈ մի շարք աշխատակիցներ, վերջիններս իրավապահներին ասել են, որ չեն հասցրել հաշվարկել բոլոր խախտումների տուգանքների չափերը:

Երբ այս գործը իրավական քրոնիկայի շրջանակներում ներկայացրել են Սերժ Սարգսյանին, նա, որպեսզի մյուս բոլորի համար դաս լինի, իրավապահներին հրահանգել է պատժել ե՛ւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության, ե՛ւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որոնք փորձել են ինչ-որ մարդկանց տուգանքները թաքցնել:

Եւ հիմա քաղաքական հրահանգի պատճառով ՀՔԾ քննիչները պետք է օրենք խախտեն: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներին պետք է մեղադրանք առաջադրեն մի արարքի համար, որի իրավասությունը չունեն եւ պատժեն ՃՈ աշխատակիցներին՝ կաշվից դուրս չգալու եւ չհասցնելու համար: Եւ այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ թեեւ ՃՈ աշխատակիցները իրավապահներին վստահեցրել են, որ որեւէ մեկի տուգանքը չեն ցանկացել քողարկել, այլ պարզապես չեն հասցրել բոլոր խախտումները հաշվարկել, սակայն ՃՈ պետ Արմեն Հակոբյանը իր աշխատակիցներին օգնելու փոխարեն, մեղմ ասած, ձեռքերը լվացել է եւ մի կողմ քաշվել. ասես ոչնչից տեղյակ չէ: Մինչդեռ որպես համակարգի ղեկավար նրանից ակնկալվում է համակարգի աշխատակիցների իրավունքների օրինական պաշտպանություն:

Չի բացառվում, որ ՀՔԾ-ի՝ ապրիլի 18-ի հաղորդագրությամբ ներկայացված քրեական գործի հիմքում հենց այսպիսի պատմությունն է ընկած: Հրահանգը կա. պետք է մարդիկ կալանավորվեն, որպեսզի մյուսների համար դաս լինի արագաչափերի տուգանքները «տակով անելու» գործընթացը: Ինչպես երեւում է՝ սա ՀՀ բարձրագույն իշխանության համար ամենածանր հանցանքն է, իսկ Միհրան Հակոբյանը, որ միլիոններ է դիզել օֆշորներում, նույն հրահանգով պետք է գործից «մաքուր դուրս գա»:

Քնար Մանուկյան




Լրահոս