ԹԱՏՐՈՆ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքն արդեն մեկ շաբաթ է՝ թեւակոխել է քաղաքական «բեֆների» փուլ, որի մեկնարկը տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում հնչեցրած հայտնի ելույթով:

Երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախաձեռնում են կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը, կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղել եւ այսպես շարունակ, թվում էր՝ թատրոնը, ինչպես միշտ, այդքանով կավարտվի: Եվրոպացիներն էլ ոգեւորված ՀՀ կառավարությանը կտրամադրեն կոռուպցիայի դեմ պայքարի համար խոստացված 15 մլն եվրո դրամաշնորհը: Սակայն, պարզվում է, այս անգամ մենք մի քանի գործողություններից բաղկացած ներկայացման հետ գործ ունենք: Երեկ Հայաստանի հանրությունն ականատես եղավ այդ ներկայացման երկրորդ «գործողությանը», որը նվիրված էր ծառայողական ավտոմեքենաների թիվ կրճատելուն եւ ապրանքների ներկրումն «ազատ» դարձնելուն:
Այսպես՝ գործադիրի երեկվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, եւ արդյունքը հետեւյալն է՝ առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ կառավարությունը, ի վերջո, խելքի է եկել եւ որոշել է ծառայողական ավտոմեքենաները կրճատել: Հիշեցնենք, որ ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը եւ պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է:
Այսպիսով՝ Դավիթ Հարությունյանի մատնանշած ավտոմեքենաներից միայն 107-ն են պետբյուջեից ֆինանսավորվողներ, ստացվում է պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում եւ դառնում են 965` նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել: Մնացած 690 հատ ավտոմեքենաները Հարությունյանը ներկայացնում է իբրեւ պետական մարմինների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների ավտոմեքենաներ: Ստացվում է, որ մարդիկ իրենք իրենց մատնում են: Պարզվում է՝ ծառայողական ավտոմեքենաների մասին մինչ այս հայտնի թիվը իրական թվի ընդամենը մի չնչին մասն է: ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների մասին ընդհանրապես մոռացվել էր, եթե դրանք էլ ենք հաշվում, ապա ծառայողական ավտոմեքենաների թիվը մի քանի հազարի է հասնում: Ի դեպ, այդ` հանրագումարի բերված ամբողջական թիվը երբեւէ չի հրապարակվել:
Հաջորդ բլեֆը վերաբերում էր այն հայտարարությանը, թե ով ինչ ուզում է, կարող է ներկրել: Թատրոնի այս գործողության շնորհանդեսը տեղի էր ունեցել նախօրեին` խորհրդարանում, որտեղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ոչ մի արգելք չկա, ով ինչ ուզում է, կարող է ներկրել: Երեկ այս թեման Հովիկ Աբրահամյանը ավելի ծաղկեցրեց եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց հուշաթերթ կազմել, որպեսզի ապրանք ներկրել ցանկացողներն իմանան, թե իրենց ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարը որոշել են լիակատար զավեշտի վերածել: Մինչդեռ իրականում երբ որեւէ մեկը մեր երկրում հադգնի բենզին ներկրել, ոչ ոք նրան, գոնե պաշտոնապես, չի ասի, թե ինչու ես բերել: Պարզապես նրա ապրանքն այնքան են պահում մաքսային անցակետում կամ պահեստում, որ ձեւակերպումներից հետո արդեն անիմաստ է դառնում դրա մանրածախ կամ մեծածախ վաճառքը երկրում: Արդյունքում՝ գործարարի ակնկալած եկամուտը հաճախ ծախսվում է կրած վնասները փոխհատուցելու վրա: Ընդ որում, այդ գործընթացը տեղի է ունենում «օրենքի» շրջանակներում: Ավելին՝ մաքսայինի աշխատակիցները կարող են նաեւ ներողություն խնդրել, բայց դրանից ոչինչ չի փոխվում, գործարարը հասկանում է, որ ինքն այլեւս այդ ապրանքատեսակից չպիտի ներկրի: Իսկ եթե ներկրված ապրանքը մթերք է, շաքարավազ, կարագ, բանան եւ այսպես շարունակ, ապա այս դեպքում ապրանքի՝ մաքսայինում «լռվելուց» բացի՝ կարող են նաեւ «դժբախտ պատահարներ» գրանցվել. օրինակ՝ շաքարավազը կարող է խոնավանալ, բանանը՝ սեւանալ, կարագը՝ հալչել, բենզինը՝ «չհամապատասխանել» լաբորատոր չափորոշիչներին եւ այլն:
Եւ այսքանից հետո խոսել ազատ մրցակցության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկապես զավեշտ է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
«ԺՈՒՉՈԿԱԶԵՐԾՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մայիսի 6-ին պայմանագիր է կնքել «Ջուլիաննա» ընկերության հետ: Ըստ այդ պայմանագրի՝ ՊԵԿ-ը 7 մլն 157 հազար 80 դրամի կահույք է գնել՝ գրասեղաններ, գրապահարաններ, սեղաններ, 12 հատ բազկաթոռ, որոնցից յուրաքանչյուրն արժի 125 հազար դրամ: Բացի այս՝ ՊԵԿ-ը 4 մլն 108 հազար դրամով գնել է տեսահսկողության համակարգ: Հայտնի է, որ ՊԵԿ-ն ամբողջությամբ կահավորված է ժամանակակից եւ թանկարժեք կահույքով ու ապահոված է տեսահսկման բոլոր հնարավոր համակարգերով: Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հովհաննես Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո ակտիվ ձեռնամուխ է եղել նշված գերատեսչությունը «ժուչոկազերծելու» գործին: Շենքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվել, որոնց ընթացքում ղեկավարության սենյակների ողջ հարդարանքից բացի՝ փոխվել էին նաեւ հոսանքի եւ կապի լարերը: Ինչպես հայտնի է՝ գաղտնալսման սարքերի տեղադրման «հարմար» վայրերից է նաեւ կահույքը: Ուստի առավել հավանական է, որ վերը բերված գնումները եւս ՊԵԿ-ի «ժուչոկազերծման» գործընթացի շարքից են:

 

 

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ կամավորներին Արցախից վերադարձնում են: Այս գործընթացը կապվում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի` Մանվել Գրիգորյանի մասին հնչեցրած հայտարարության հետ: «Ժողովուրդ»-ը երեկ Վահան Բադասյանից փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում իր հայտարարությունից հետո կամավորներին Արցախից վերադարձնելու մասին լուրերին: «Ես նշել եմ, որ այդ հարցին այլեւս չեմ անդրադառնալու, դրա համար կոռեկտ չի անդրադառնալ: Ես չեմ տիրապետում այդ տեղեկություններին: Կամավորներին իջեցնելը կապված է հերթափոխության հետ: Հո այդքան մարդ չեն պահելու այդտեղ: Ես գտնում եմ, որ պետք է առնվազն կեսին ուղարկեն, որ հանգստանան»,- ի պատասխան՝ ասաց Բադասյանը:

 

 

ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դեռեւս 2012 թվականին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չէր հերքել, որ ինքը կապ ունի «Մհերի դուռ» անունը կրող ինչ-որ հասարակական կազմակերպության հետ, որը տարիներ շարունակ տվյալներ է հավաքել ՀՀ բոլոր ոլորտների պաշտոնյաների վերաբերյալ: «Այո՛, այդ կազմակերպության ցուցակներում տեղ գտած ինֆորմացիայի համաձայն՝ 1994 թվականից առ այսօր Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել»,- ասել էր Իսագուլյանը` խոստանալով ուշագրավ բացահայտումներով հանդես գալ: Բայց մինչ օրս նա լռում է: Ինչո՞ւ: «Ժողովուրդ»-ի այդ հարցին Իսագուլյանն ասաց, որ մինչեւ հունիս լռելու է, դրանից հետո պատրաստվում է մի շարք պաշտոնյաների վերաբերյալ ուշագրավ տվյալներ հրապարակել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՎ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված են մասնավորապես ընտրական, աշխատանքային օրենսգրքերում, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
 

ԱՆՏԵՂՅԱԿԸ
«Սահմանին այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է` վերջին ժամանակահատվածի հետ համեմատած, եւ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները»: Այս մասին երեկ լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի միջադեպին` Օհանյանն ասել է. «Կարծում եմ` նա այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Ես տեղյակ չեմ նրա մասնակցությամբ միջադեպի մասին»:

 

 

ՍՍԿՎԵԼ ԵՆ
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւս իրադրությունը հանգիստ է եղել: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

 

 

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՆՔ
Հայաստանում մայիսի 20-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Վերջիններիս կընդունի Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք՝ ԵՏՄ վարչապետների երեւանյան նիստը նախատեսված էր ապրիլի 8-ին, սակայն այն տեղի չունեցավ, քանի որ Ղազախստանի վարչապետը հրաժարվեց դրան մասնակցել:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
ԵԱՀԿ առաքելությունը երեկ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արեւելյան ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ առաջնագծում շինարարական աշխատանքներ են ընթանում. նոր ճանապարհներ են փորվում, եղածն ամրացվում է, Ջաբրայիլի ուղղությամբ դիրքերն ավելի լայնացվում ու ամրապնդվում են։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Մարտակերտում, Ներքին Հոռաթաղ գյուղում, Մատաղիսում, Ղարաբաղի այն քաղաքներում եւ գյուղերում, որոնք տուժել են ապրիլյան հրետակոծության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի կառավարությունից «Ազատության»-ը փոխանցել են, որ տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ եւ Մատաղիս։

 

 

ՆԵՆԳԱԲԱՐ
ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ՝ «Ակնայի հատվածում հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլեւ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին: Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողովուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից»,- ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:




Լրահոս