Դեռևս նախորդ տարվա մայիսի 21-ին ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին Երևան Զվարթնոց օդանավակայանից թույլ չէին տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Շ. Ոսկերչյանին 12 ժամ պահելով օդանավակայանում՝ Երևան-Փարիզ չվերթով հարկադրաբար հետ էին ուղարկել Ֆրանսիա:
Եվ ահա, մոտ մեկ տարի համառ պայքար տանելուց հետո Շանթ Ոսկերչյանն իրավունք է ձեռք բերել գալ Հայաստան:
ArmLur.am-ի հետ զրույցում ազգային-քաղաքական գործիչը հայտնեց, որ ապրիլի 27-ին, ՀՀ Վարչական դատարում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:
Ոսկերչյանը հիշեցրեց, որ նախորդ տարի տեղի ունեցած պեքի ժամանակ այդ ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է ր, թե ինքը Փարիզում Հայաստանի անվտանգության դեմ է աշխատում: Թե ինչ հիմնավորումներով է ԱԱԾ տնօրենը նման հայտարարությամբ հանդես եկել, մեր զրուցակիցը միայն ենթադրում է: Ըստ նրա՝ սա կապված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաեմին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորելու դեմ Փարիզում անցկացված բողոքի ակցիայի հետ. «Այդ ժամանակ մենք բազմաթիվ պաստառներ փակցրինք, մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք, ինչը մեր իրավունքն է: Երևի թե, հենց սա էր պատճառը, որ ինձ համարեցին ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձ Ֆրանսիայում»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ թեև որոշում է կայացվել նրա մուտքը Հայաստան չարգելելուն, այդուհանդերձ, դատական քննությունը դեռևս շարունակվում: Պատճառն այն է, որ դեռևս հստակեցված չէ, թե որն էր Հայաստան մուտքի արգելքը. «Ես դիմել եմ բազմաթիվ կառույցների, այդ թվում Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը, նամակներ եմ ուղղել ԱԱԾ և՛ նախկին, և՛ ներկա տնօրեններին… մի խոսքով, հնարավոր բոլոր մարմիններին դիմել եմ, սակայն որևէ տրամաբանական կամ համոզիչ պատասխան այդպես էլ չեմ ստացել: Փաստն այն է, որ այդ որոշումը կատարված էր կամայական ձևով՝ առանց որևէ հիմքի, և հիմա էլ դարձյալ կամայական ձևով այդ որոշումը փոխեցին: Ես վստահ եմ, որ այն մեղադրանքը, թե իբրև ես սպառնում եմ Հայաստանի անվտանգությանը, լրիվ անհեթեթություն էր, այդ իսկ պատճառով էլ նրանք գիտակցեցին իրենց սխալը: Նրանք, երևի թե, վախեցան, որ ես կարող էի դիմել Եվրոդատարան»:
Շանթ Ոսկերչյանը չի կարծում, որ որոշման անսպասելի փոփոխությունը կապված է ԱԱԾ ղեկավարության փոփոխության հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իր հետ կատարվածի մասին Ֆրանսիայի նախագահը, Շառլ Ազնավուրը և այլ ազդեցիկ անձինք ևս իմացել են. «Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ Ֆրանսիայի՝ հայկական դպրոցի բացմանը մասնակցելու, ես պետք է հանդիպում ունենայի նրա հետ, սակայն նրա ժամանակը ատ սուղ էր, չկարողացանք հանդիպել, սակայն տեղեկացել եմ, որ նա ևս գիտեր ինձ հետ կատարվածի մասին»:
Ի դեպ, Շանթ Ոսկերչյանը հայտնեց, որ ընդգրկվել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման» կամավորներին. «Զինվորական պատրաստվածություն չունեմ, ռազմական կանոններին չեմ տիրապետում, սակայն ամեն կերպ, ինչով կկարողանամ, պատրաստ եմ օգնել հայրենիքիս: Սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հետ միասին մենք ապրիլի 30-ին ցույց կազմակերպեցինք Փարիզում Իսրայելի և Ռուսաստանի ԱԳ նախարարության առջև քննադատելու համար այն հանգամանքը, որ զենք են վաճառում մեր թշնամուն՝ Ադրբեջանին, որը ցանկանում է աշխարհից բնաջնջել հայ ժողովրդին: Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը լիովին աջակցում է «Շուշիի առանձնակի գումարտակին»: Ես չեմ ցանկանում, որպեսզի կրկին տարածքներ կորցնենք, զինվորների արյունը դեռ չի չորացել: ՀՀ նախագահն ինչպե՞ս կարողացավ կորցրած 800 հա տարածքներն անվանել անվտանգության գոտի՝ ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ… ես զարմանում եմ, անուղեղ արտահայտություններ եմ դրանք համարում: Միայն Սերժ Սարգսյանն է մեղավոր մեր զինվորների թափած արյան համար, եթե նրա համար այդ տարածքները կարևոր չէին, ապա մեր տղաների, մեր ժողովրդի համար կարևոր էին դրանք: Եթե նախագահի համար 100 զինվոր է զոհվել քառօրյա պատերազմի ժամանակ, ապա ինձ համար 100 հազար զինվոր է զոհվել»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն խոսքին, թե մարդիկ սրճարաններում քարտեզներ են գծում, քննադատություններ են անում. «Այո՛, մենք սրճարաններում էլ ենք նստում, ամեն տեղ էլ քննարկում ենք մեր երկրի խնդիրները: Եվ քննարկում ենք ինչ-որ արդյունքի հասնելու համար, ինչ-որ կերպ օժանդակելու համար, ոչ թե ավելի շատ վնաս հասցնելու: Որքա՞ն անպատասխանատու պետք է լինի մարդ, որ ասի՝ ով ուզում է, թող գնա ազատագրի կորցրած տարածքները: Ստացվում է՝ զոհվածները ոչ կարևոր տարածքների՞ համար են զոհվել: Այդ հայտարարությունից արդեն շաբաթներ են անցել, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ցակություն չունեն կամավոր առաջ շարժվելու, այլ որովհետև նրանց զենք հատկացնող չկա»:
Շ. Ոսկերչյանի փոխանցմամբ՝ Սփյուռքում շատերը չգիտեն՝ Հայաստանի ներքին խնդիրների մասին, մարդիկ այնտեղ ավելի շատ հետաքրքրված են Արցախի հիմնախնդրով. յուրաքանչյուրը փորձում է իր ուժերի ներածին չափով օգնելու ԼՂՀ-ին:
Շանթ Ոսկերչյանը վստահ է, որ միասնությունն ու համախմբվածությունը կօգնեն դուրս գալ ցանկացած անելանելի վիճակից: