«ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐԴՆԻ, ՍԱ ԱՆԵԼՈ՞Ւ ԲԱՆ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր «բանդայի գործով» դատապարտյալ 41-ամյա Արման Դալլաքյանը, իսկ երեկ ամբաստանյալներից Դավիթը, Սամվելը եւ Արթուրը դատարանում փորձել են վնասել իրենց:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ու Երեւան քաղաքի վարչության եւ նրա ստորաբաժանումների հետ վնասազերծել էին 16 հոգու: Իսկ ձերբակալված բանդայի պարագլուխը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արտյուշա Հակոբյանն էր` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի որդին:
Դեպքից անցել է շուրջ երկու տարի, սակայն վնասազերծված ավազակախմբի մեղքը մինչեւ հիմա չի հաստատվել: Անգամ գողոնը դեռ հայտնաբերված չէ: Սա էլ դեռ քիչ չէ, սեպտեմբերի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացավ գործով դատապարտյալ 41-ամյա Արման Դալլաքյանը, իսկ  երեկ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից Դավիթը, Սամվելը եւ Արթուրը փորձել են վնասել իրենց:
Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Այս գործով դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, իսկ նա քմծիծաղով արձագանքել է. «Նստե՞լ: Արդեն քանի տարի է՝ ծծում եք մեր արյունները, անե՛ք իմ արյունն էլ»: Այդ ասելուց հետո նա իր ձեռքի ածելիով բացել է փորն ու սկսել վնասել իրեն: Նրան են միացել նաեւ ամբաստանյալներից Արթուր Մանուկյան, ու Սամվել Դավթյանը: Իսկ ամբաստանյալներից Քյարամ Մամոյանին, որը վատառողջ է, իրավապահները հրաժարվել են սայլակ տրամադրել: Նրան գրկած են բերել դատարան:
Կատարվածից հետո Դավիթ Գալստյանի կինը՝ Թամարան, այնքան վատ վիճակում էր, որ երեկ «Ժողովուրդ»-ի հետ չկարողացավ զրուցել: Փոխարենը խոսեց Դավիթի զոքանչը՝ Իրինա Դավթյանը: «Այն անարդարությունը, որը կատարվում է այս տղաների նկատմամբ, անթույլատրելի է: Երեկվա տեղի ունեցածը ոնց որ բաժակը լցված լինելու տարբերակը լիներ, ու այլ ելք չկար: Դավիթը հոգեբուժարանում էր պառկած, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Սովետաշենի քրեակատարողական հիմնարկում են պահում: Ոչ մի թուղթ հաշվի չեն առնում: Մի՞թե դա արդար է: Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին: Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է, դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգի մարդ կա այնտեղ: Գիտե՞ք՝ քանի ամիս նա արյուն է միզել»,-վրդովված ասաց զոքանչը՝ հավելելով, որ այդ դեպքից հետո նրանց ոչ մի տեղեկություն չեն տրամադրել, թե ինչ վիճակում է գտնվում Դավիթը: Վերջինիս պաշտպան Ստեփան Ոսկանյանը նույնպես տեղյակ չէր, թե միջադեպից հետո ինչ էր եղել նրա հետ:
Իսկ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ Սամվելը հարազատներ չունի, որ հետաքրքրվեն նրա որպիսությամբ. «Ամուսնալուծված է, մի քույր ունի, որը նրա հետ անգամ կապ չունի: Անգամ Սամվելի գործերի մեջ նշված է, որ նա մշտական բնակության վայր չունի»: Ըստ պաշտպանի՝ այն, ինչ կատարվեց երեկ դատարանում, բողոքի ակցիա էր, ու իրենք մինչեւ վերջ պայքարելու են. «Ես Սամվելի գործով որպես պաշտպան ներգրավվել եմ նախկին հարեւան լինելով ու առանց վճարելու եմ կատարում իմ աշխատանքը: Տղաները միշտ էլ դատարանում ասել են, որ խոշտանգումների են ենթարկվել, իսկ դատավորը ասում էր՝ համբերե՛ք, ձեր հերթը կգա, ցուցմունք կտաք: Պրոֆեսիոնալ իմաստով դատարանը ճիշտ է անում, սակայն երբ խոշտանգումների արդյունքում Արմանը մահացավ, իսկ մյուսներին էլ դատարան կիսամեռ բերեցի, նստեցրին, տեղի ունեցավ այս ամենը»: Կարեն Հակոբյանի խոսքով՝ կատարվածն իրենց սրտով չէ, քանի որ ինքնավնասումով հարց չի լուծվում. «Մենք փորձում ենք օրենքով այս հարցը կարգավորել: Իսկ ինչ վերաբերվում է Սամվելի վիճակին, ես այս պահին որեւէ տեղեկություն չունեմ»:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց ձերբակալված «բանդայի» պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հոր՝ Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի հետ: Վերջինս երեկ դատարան չէր ներկայացել, քանի որ մասնակցել էր ամբաստանյալ Արման Դալլաքյանի հուղարկավորությանը. «Ալիկ Սարգսյանը պետք է որդնի, ինչի տենց բա՞ն են անում, ա՛յ մարդ, մարդկանց հերթով սպանում են: Արմանի հայրն ասում է՝ երեխայիս մորթեցին, կերան, էլ ի՞նչ ասի, էս ի՞նչ են անում: Արմանն առողջ տղա էր, սակայն  ասում են՝ աչքը հանել էին, աջ աչքը փակ է եղել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս