ԶՈՀ ԿԱ, ՄԵՂԱՎՈՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ քննչական ծառայության՝ սեպտեմբերի 7-ին  կայացրած որոշման համաձայն` ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Սա թերեւս ամենահզոր ապտակն էր, որ կարելի էր այս շրջանում հասցնել իրավապահներին՝ շեղելու հասարակության ուշադրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը կրակոցներ էին հնչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, ինչի հետեւանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, որից հետո Սուրեն Խաչատրյանի որդին եւ թիկնապահը ձերբակալվեցին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մեղադրյալներ Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանն ընդամենը ինքնապաշտպանություն են գործել, դրա համար անմեղ են:
Բնականաբար, այս որոշումը շատերի կողմից բուռն քննադատության արժանացավ: Իսկ Ա. Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ քրեական հետապնդմամբ գործն ուղղորդված է եղել. «Այնպիսի խաղ կազմակերպեցին մեր նկատմամբ՝ ցույց տալու, թե քննչական գործունեություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ Խաչատրյանների ընտանիքին պաշտպան կանգնեցին: Այս ամենի վերեւում կանգնած է վերադաս մարմինը, որ ողջախոհ չի մտածում, թե հետագայում ինչեր կարող են սպասվել: Նրանք Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանց հրահրում են նոր հանցագործությունների: Ես պետականորեն եմ ուզում մտածել, կարծում էի, որ պետությունը կպատժի, որ հասկանան` այսպես չի կարող շարունակվել: Ստեղծել եք էս պետությունը, որ վարի՞ տաք»:
Եվ մինչ մեր երկրում կգտնվեն պետական մտածողությամբ անհատներ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում անկեղծացել է՝ ասելով, թե իր որդուն խորհուրդ է տվել մոռանալ քրեակատարողական հիմնարկում անցկացրած երեք ամիսները. «Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր»:
Ի դեպ, երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ բերետտա տեսակի ատրճանակը, ինքնաշեն է եղել, որը 2009-ին օրինական կարգով Խաչատրյանին է տվել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Իսկ վերջինս հայտարարել է, թե ինքը նման բան չի հիշում:
Այն, որ Ս. Խաչատրյանի տան դիմաց կատարվածը սարսափելի ողբերգություն է, անառարկելի է, բայց առավել սարսափելին ՀՀ ՊՆ քննչականի կայացրած որոշումն էր Բուդաղյանին սպանողներին ազատ արձակելու մասին: Սա անպատժելիության հերթական դրսեւորում է, որը կարող է բերել ինքնադատաստանի:
Ուշագրավն այն է, որ երբ ինչ-որ պատահական ավտովթարի հետեւանքով որեւէ մարդ է մահանում, անմիջապես կալանավորում են վարորդին՝ մեկ քարացած պատճառաբանությամբ՝ մարդ է զոհվել: Իսկ Բուդաղյանը զո՞հ չէր: Չէ՞ որ բազմիցս ասվեց, որ նա ընդամենը գնացել էր Խաչատրյանի տուն՝ զրուցելու, սակայն բակում՝ իր մեքենայի մեջ, ծեծի էր ենթարկվել եւ որպես ինքնապաշտպանություն՝ կրակել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս