ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:
Հիշյալ հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների և Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ:
Ուստի, հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի և վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052):
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: