«Իքս ֆակտոր» երաժշտական մրցույթի մասնակից, երգչուհի Սրբուհի Սարգսյանը իր բենդի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում շրջում է Հայաստանի տարբեր մարզերով եւ «Եվրոպայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանդես գալիս համերգներով:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով` նշելով, որ իր համար մարզերում բացահայտել է բավական հետաքրքիր եւ էներգիայով լի լսարան. «Շրջագայել ենք Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ այլ մարզերում, եղել տարբեր քաղաքներում: Երաժշտությունը, որ մտածում ես` այնտեղի ժողովուրդը գուցե չհասկանա, ոչ միայն ընկալվում էր, այլեւ մեզ հավասար երգում եւ բուռն արձագանքում էին: Զգում ես, թե մարզերի ժողովուրդը որքան շատ համերգների կարիք ունի: Իրենց համար նմանատիպ միջոցառումները ուղղակի տոն են:
Ի դեպ, ասեմ, որ բացօթյա համերգներից շատերի ընթացքում մարզերում անձրեւ էր տեղում, սակայն ժողովուրդը չէր հեռանում, այդ հանգամանքը նրանց ոչ մի կերպ չէր խանգարում»,- ներկայացրեց երգչուհին:
Սրբուհին, անդրադառնալով նոր տեսահոլովակ թողարկելու՝ իր երկրպագուների «պահանջին», շտապեց ուրախացնել նրանց: Երգչուհին տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է երկու նոր տեսահոլովակի պրեմիերա: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, այն նկարահանվել է երգահան, հումորիստ Գարիկ Պապոյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա, որը կոչվում է «Boat» եւ գրվել է «Легок на помине» ռուսական ֆիլմի համար: Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Վահան Գրիգորյանի առաջարկով:
Իսկ երկրորդ տեսահոլովակը, Սրբուհու խոսքով, կբացահայտի երգչուհուն բոլորովին նոր դիտանկյունից եւ ժանրային առումով իր հետ կբերի թարմ շունչ: Երգի երաժշտության հեղինակներն են Սրբուհին, Լազարոն, Արթուր Ալեքը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը. «Նման ժանրի երգ Հայաստանում չկա, դա նորություն կլինի մեր երգարվեստում: Հուսով ենք` շատերին դուր կգա»,-եզրափակեց Սրբուհին:
Աննա Բաբաջանյան