ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին է դիմել «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Միջնորդության մեջ ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի եւ Վարդիթեր Արտյոմի Գիշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մայիսի 14-ին Անի Հովհաննիսյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո Ձեր կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը չհրապարակելու մասին: Մայիսի 18-ին համացանցում է հայտնվել ոմն Արմեն Եդիգարյան օգտատերի անվամբ տեղադրված տեսանյութ՝ «Անմեղ» Անիի դեմքը: Թե ինչպես է Անին հաստատում, որ սուտ ու կեղծ հոդվածներ չգրելու դիմաց 300 հազար է ուզել… խորագրով:
Նշված տեսանյութից հետեւում է, որ այն գաղտնի ձայնագրություն է եւ, ըստ էության, կարող է վերաբերել սույն քրեական գործի փաստական հանգամանքներին: 2016թ. մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին սույն գործով տուժող ճանաչված Տ. Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի եւ սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ որոշակի հայտարարություններ է կատարել, այդ թվում՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Սույն թեմային կանդրադառնամ առանձին: Նկատի ունենալով վերոշարադրյալը եւ ղեկավարվելով Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով` խնդրում եմ.
-Գրավոր տեղեկացնել նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների այն շրջանակը կամ ամբողջական ցանկը, որպիսիք ես՝ որպես Անի Հովհաննիսյանի պաշտպան, իրավասու չեմ հրապարակելու:
-Արդյոք նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակման արգելքը վերաբերում է նաեւ տուժողին, թե ոչ: Եթե այո, ապա նրա համար ինչ շրջանակ եւ ցանկ է սահմանված»:
Լ. Սիմոնյան Անի Հովհաննիսյանի պաշտպան