«ՂՈՒՄԱՐԲԱԶԻ» ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դրածո է, ու նույնիսկ անիմաստ է մեկնաբանել նրա որոշումները՝ կապված ավտոկայանատեղիների խայտառակ ծրագրի հետ:
«Երբ ընտրական համակարգը կեղծված է, երբ պետական կառավարման մարմինների ընդունած որոշումներն արդեն լեգիտիմ չեն, արդեն մեծ խնդիրներ են առաջացնում բոլոր ոլորտներում: Իրենք հասարակական այդ լիազորությունը չունեն, եւ նրանք սեփական ցանկության եւ սեփական լիազորության շրջանակներում են որոշում կայացնում, որը, բնականաբար, կապ չի կարող ունենալ հասարակական շահի հետ: Տարոն Մարգարյանը մեզ չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում նման որոշումներ է ընդունելու, Սերժ Սարգսյանը չէր խոստացել, որ 100կմ/ժ արագությամբ վազելու է Արեւմուտք, հետո այնտեղից 500կմ/ժ արագությամբ հայտնվելու է Կրեմլի նկուղում. բայց տեսնում ենք, որ անում են: Այսինքն՝ իրենք էլ լեգիտիմ չեն, իրենց որոշումներն էլ լեգիտիմ չեն»,-նկատեց 7օր.am կայքի խմբագիր Ա. Թեւանյանը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով այն իրողությունը, թե ով է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության սեփականատերը, արդեն հասկանալի է, որ այն իշխանական բիզնես է. «Մեզանում մասնավոր սեփականության ինստիտուտը ձեւախեղվել է: Երկրի թիվ մեկ օլիգարխները Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն են: Իրենք են քաղաքական որոշում ընդունում, իրենք էլ հանդես են գալիս այլոց դեմքերով՝ որպես մասնավոր սեփականատերեր: Դա մենք տեսանք ե՛ւ օֆշորային պատմության, ե՛ւ այլ գործարքների ժամանակ: Նրանք տնտեսությունը կենտրոնացրել են Բաղրամյան 26-ում»:
Ա. Թեւանյանը հիշեցրեց, որ գոյություն ունի քաղաքագիտական սահմանում, որ իշխանությունները պետք է օժտված լինեն հասարակական լեգիտիմությամբ: Սակայն մեր երկրում այսօր ապրում ենք լեգիտիմության համընդհանուր ճգնաժամում. «Գործող իշխանությունը բացարձակ դիլետանդ եւ անմեղսունակ է, որովհետեւ միայն անմեղսունակը կարող է 3-4 տարի հսկայական բանակցություններ վարել Եվրամիության հետ, քննադատել Մաքսային միությանը միանալու գաղափարը, հակառուսական հիստերիա հովանավորել եւ խրախուսել ու վերջում հայտնվել Պուտինի առանձնասենյակում, հետո սփրթնած դեմքով դուրս գալ այնտեղից եւ հայտարարել, որ միանում ենք Մաքսային միությանը: Խնդիրը Մաքսային միությանը միանալը չէ, այլ այն, որ դա արվել է ղումարբազի տրամաբանությամբ: Այսօր ՀՀ-ի համար հարկային անվտանգության խնդիր է դառնում իշխանափոխության իրականացումը. ով այդ հարցը չի հասկանում, չի ընկալում, կամա թե ակամա ծառայում է Ս. Սարգսյանի իշխանությանը, որը հասցրել է 100 հազարավոր մարդկանց արտագաղթի, աղքատության շեշտակի աճի, տնտեսության անկման, ներդրումների պակասի եւ Ս. Սարգսյանի սիրած խոսքով ասած՝ գաղջ մթնոլորտի: Այդքանից հետո նրանք պետք է հեռանային, բայց քանի որ իրենց կամքով չեն գնում, ապա հասարակության ակտիվ զանգվածի, քաղաքական ուժերի ու բոլորիս խնդիրն է օգնել նրանց, որ հեռանան»:

Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս