ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԻՍԿ ՍՊԱՌՈՂՆ` ԱՂՔԱՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերեւս միայն Հայաստանում կարելի է այսպիսի երեւույթի հանդիպել. պաշտոնական վիճակագրությունը մի կողմից ներկայացնում է, թե տնտեսական աճ է արձանագրվել, մյուս կողմից՝ հրապարակում տվյալներ, որոնք փաստում են, որ սպառողները շարունակում են աղքատանալ:

Ավելին` տնտեսական աճն էլ բավականին զգալի թիվ է կազմում՝ ամբողջ 6 տոկոս: Այո, ոչ մի շփոթություն չկա, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հենց այդքան աճ է արձանագրել այս տարվա առաջին չորս ամիսների համար: Իսկ եթե պնդում են, որ տնտեսությունը այժմ ավելի ակտիվ է, քան անցած տարվա չորս ամիսներին, ապա ենթադրվում է, որ այս չորս ամիսներին տնտեսության առեւտրաշրջանառությունը ինչ-որ չափով պետք է անցած տարվանից ավել լիներ, առավել եւս, որ այդ ցուցանիշը 2015-ին նվազել էր: Բայց արի ու տես, որ առեւտրի շրջանառությունը չորս ամիսների կտրվածքով անցած տարվա համեմատ կրկին 1 տոկոսով նվազել է: Առեւտրաշրջանառության անկումն ուղղակի փաստում է, որ սպառողի գնողունակությունը, ինչպես ողջ անցած տարվա ընթացքում, այնպես էլ այս տարվա առաջին ամիսներին անդադար նվազում է: Տնտեսական գիտությունների դոկտոր պետք չէ լինել, հասկանալու համար, որ զարգացող տնտեսություն ունեցող երկրի սպառողը չի աղքատանում: Եթե անգամ նրա գնողունակությունը չի աճում, ապա առնվազն չի էլ նվազում: Ավելին` անցած տարվա համեմատ նվազել է նաեւ միջին ամսական աշխատավարձը. անցած տարվա միջինացված ցուցանիշը կազմել է 184 հազար 647 դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն դարձել է 181 հազար 484 դրամ: Այսինքն՝ մարդկանց գնողունակությունը մի կողմից նվազել է գների բարձրացման, մյուս կողմից` եկամուտների նվազման պատճառով:
Բնակչության աղքատանալու հաջորդ դրսեւորումներից մեկն էլ շինարարության ծավալների` անցած տարվա հետ համեմատ կտրուկ` 7,4 տոկոսանոց անկման փաստն է: Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով շինարարության ծավալները նվազել էին 2,2 տոկոսով: Այսինքն՝ ակնհայտ է, որ շինարարության ծավալների կտրուկ անկումը տեղի է ունեցել հենց ապրիլին: Այս երեւույթի պատճառը, թերեւս, քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած լարված ու սպասողական վիճակն է: Այսինքն՝ բազմաթիվ գործարարներ եւ անհատներ` չբացառելով, որ առաջիկայում կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել, ձեռնպահ են մնացել ներդրումներ կատարելուց եւ շինարարական աշխատանքներ սկսելուց: Ի դեպ, մայիսյան տոներից հետո վերը նշված երեւույթը կարծես թե մի փոքր հաղթահարվել է, եւ մարդիկ սկսել են բնականոն կյանքով ապրել:
ՀՀ ԱՎԾ-ն նախօրեին հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2016թ. հունվար-մարտ» վիճակագրական տեղեկագիրը, որից տեղեկանում ենք, որ համախառը ներքին արդյունքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը անցած տարվա արդյունքներով նախորդ` 2014 թվականի համեմատ նվազել է մոտ 3,5 միլիարդ դրամով: Սա այն դեպքում, երբ անցած տարվա վիճակագրական ցուցանիշներով, նույն ԱՎԾ-ն արձանագրել էր գյուղատնտեսության 11,5 տոկոս աճ: Այսինքն՝ մի քանի ամիս առաջ համոզում էին, որ անցած տարի գյուղատնտեսությունն աճել է, այժմ գրում են, որ գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ նվազել է, այլ կերպ ասած՝ այն ավելի քիչ եկամուտ է ապահովել, քան նախորդ տարի: Հայաստանի պաշտոնական վիճակագիրները այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ գրեն` աճ «արձանագրեն», թե ընդունեն, որ իրավիճակը գնալով ավելի է բարդանում:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի արդյունքներով իրական ՀՆԱ-ն կազմել է 4 տրիլիոն 974 միլիարդ 223 միլիոն դրամ, որը նախորդ` 2014 թվականից 3 տոկոսով ավել է եղել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով ենք հաշվարկում, ապա ոչ միայն աճ չենք ունենում, այլ նաեւ չափից ավել տխուր պատկեր ենք արձանագրում: Բանն այն է, որ 2015 թվականի ՀՆԱ-ն տարվա միջին փոխարժեքով կազմել է 10 միլիարդ շուրջ 400 մլն դոլար: Իսկ 2014-ի ՀՆԱ-ն նույն տարվա միջին փոխարժեքով կազմել է 11 միլիարդ 400 մլն դոլար: Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն, այն է՝ մեր երկրում արտադրված բոլոր ապրանքների ու մատուցված ծառայությունների հանրագումարը, մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 1 միլիարդ դոլարով: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին ոչ թե 3 տոկոսանոց աճ, այլ 9 տոկոսանոց անկում է ունեցել: Սա է իրականությունը, բայց այն երբեք տեղ չի գտնի պաշտոնական վիճակագրական տվյալներում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԴԵՍՊԱՆԻ  «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ինչպես հայտնի է՝ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վերջերս հայ լրագրողների հետ քննարկման ժամանակ ասել էր, որ ինքը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չի ճանաչում, քանի որ նա իր մասին երբեք իմացնել չի տալիս: Այլ կերպ ասած՝ ռուս հաղորդավարը փաստել էր, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պարապուրդի է մատնված: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, ինչպես հայտնի է, ԼՂՀ նախկին վարչապետ Օլեգ Եսայանն է: Ու կարելի է խոստովանել, որ Հայաստանում եւս բոլորը մոռացել էին, որ Ռուսաստանում մեր երկիրն ընդհանրապես դեսպան ունի: Բայց ռուս հաղորդավարի դիտարկումը բոլորին կրկին հիշեցրեց Եսայանի գոյության մասին: Եւ, ահա, երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ Օլեգ Եսայանն այդ օրը հանդիպել է ռուսաստանյան ԸՀԾՀԿհհ ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի եւ Կարեն Ներսիսյանի հետ: Այլ կերպ ասած՝ դեսպանը որոշել է կենդանության նշաններ ցույց տալ` փորձելով կանխել իր հնարավոր պաշտոնանկություն: Բայց, հավանաբար, չի ստացվի:

 

 

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԿԷԺԱՆԱՆԱ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ի գումարվելիք նիստում կքննարկի սպառողին մատակարարվող բնական գազի սակագները նվազեցնելու հարցը: Մասնավորապես, ՀԾԿՀ-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազ սպառողին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանել 146 հազար 700 դրամ: Իսկ, ահա, խոշոր ձեռնարկությունների համար ՀԾԿՀ-ն կսահմանի 23 դրամով ցածր՝ 257 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, որը դրամով կազմում է 1 խորանարդը՝ 123,4 դրամ: Նախատեսվում է, որ որոշումն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

 

 

ԺԱՐԻՏ ԳՐԻՇԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց: Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայինություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիշա Սարգսյանից, սակայն ապարդյուն:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
«Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել»,- անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե Ադրբեջանանը Վիեննայում պարտավորություններ չի ստանձնել, երեկ «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարի խոսքով՝ Բաքվի տրամաբանությամբ գագաթնաժողովի բոլոր ներկաները, այդ թվում ԱՄՆ-ի պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը, սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը: «Դա եւս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը եւ Բաքուն խոսում են տարբեր լեզուներով»,- նկատել է Նալբանդյանը:

 

 

ԴԵՄ ՉԵՆ
Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ նույն պաշտոնյան, անդրադառնալով նույն հարցին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել էր, թե այդ կապակցությամբ Բաքուն պարտավորություններ չի ստանձնել:
 

ՀԵՌԱՆԱԼՈՒ Է
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե ցանկություն ունի թողնել պետական եւ քաղաքական գործունեությունը: «Գործընկերներիս, համակիրներիս եւ ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017 թվականի առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս եւ բարեգործական ծրագրերի»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

 

 

ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ
Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղ թե ուշ կկարգավորվի, ընդ որում, խաղաղ եւ բանակցային ճանապարհով: Այս մասին ANS-ի հարցազրույցում ասել է Ալիեւի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: «Եվրոպան, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Ռուսաստանը հասկանում են, որ պետք է ուշադիր լինել այդ հակամարտության տվյալների հարցում: Հակամարտության կարգավորման ժամանակն է»,- ասել է Մամեդովը:

 

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
Ազգային ժողովում 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում երեկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ 2015 թ.-ի պետական բյուջեն ամբողջապես կատարված է: Նա ընդգծել է, որ տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որին նպաստել են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: «Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, այն դեքում, երբ պետական ներդրումներն աճել են: Արձանագրվել է միջին գնաճի 3,7 տոկոս, որը գտնվում է օրենքով սահմանված միջակայքում»,- մասնավորեցրել է Ջանջուղազյանը:




Լրահոս