ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ՝ ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին. «Արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախ եւ առաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված»,- նշել էր վարչապետը:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է ՀՀ մարզպետներից պարզել, թե որտեղ է թաքնված կոռուպցիան, որ կառավարությունն այսքան տարի փնտրում է, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել եւ արմատախիլ անել:

ՀՀ Լոռու Մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, ՀՀ կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ նպատակով երեք ռազմավարություն մշակվեց եւ իբր կատարվեց, մեկն էլ՝ նախորդ տարի է հաստատվել: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է այդ կոռուպցիան թաքնվել, որ այդպես էլ ոչ մի կերպ չեք կարողանում գտնել:
-Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունը նոր չի սկսել: Կառավարությունը դեռ շատ տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, եւ եթե մենք համեմատական դնենք եւ մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել այդ ուղղությամբ: Համոզված եմ՝ հիմա առավելեւս տեմպերը կարագացվեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը տեսնի մեր ժողովուրդը եւ հատկապես լրատվությունը:
-Այսինքն՝ մինչ այս պայքարի տեմպե՞րն էին թույլ, իսկ ի՞նչն էր խանգարում, որ ավելի արագ տեմպերով այդ պայքարը տարվեր:
-Կոռուպցիայի դեմ պայքարը անընդհատ աշխատանք է, անընդհատ պայքար է, որ պետք է իրականացվի: Կոռուպցիայի դեմ պայքարում են աշխարհի ամենատարբեր երկրներում, եւ այնպես չի, որ զարգացած երկրներում կոռուպցիոն ռիսկեր չկան, դրա համար չի հասնելու, չի գալու մի ժամանակ, որ ասենք՝ կոռուպցիան ամբողջությամբ վերացված է, դա կասեմ, որ բացառվում է, դրա համար աշխարհում դրա դեմ անընդհատ պետք է պայքարել:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան
-Պարո՛ն Գյոզալյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնվել կոռուպցիան, որ կառավարությունում չեն կարողանում որեւէ կերպ գտնել:
-Գիտեք ինչ, այդ կոռուպցիա հասկացողությունը աշխարհի բոլոր երկրներում կա, որ ասենք՝ վաղը կոռուպցիան կվերանա, կամ ինչ-որ գերբնական ուժ կա, որը պիտի վերացնի, իմ կարծիքով, քանի մարդը կա, կոռուպցիան կա: Ուղղակի կոռուպցիային չափ կա, կոռուպցիային մոտեցում կա, որը վարչապետի հանձնարարականով, ինձ թվում է, կփոխվի, շատ բան կփոխվի:
-Բայց ինչպե՞ս է փոխվելու, եթե այսքան տարվա պայքարի արդյունքում այդպես էլ կոռումպացված գոնե մեկ-երկու պաշտոնյաների չի հաջողվում «հայտնաբերել», շատ խորն է թաքնված մեր երկրում կոռուպցիան:
-Դա որ իմանայի (ծիծաղում Ք.Մ), մոտեցում է պետք: Նորից եմ ասում՝ եվրոպական երկրներում էլ կա, աշխարհում տենց երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ցանկացած երկրի քաղաքացու թվում է, թե իր մոտ է շատ, որտեղ դու չկաս, թվում է, թե այնտեղ իդեալական է:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյան
-Պարո՛ն Գուլոյան, որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որ այդպես էլ չեք կարողանում գտնել:
-Կգտնենք, կտեսնեք էլի, ինձ թվում է՝ ժամանակի հետ:
-Եթե այսքան ժամանակ չի հաջողվում գտնել, ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել դրա համար:
-Եթե հայտարարել են, հաստատ կգտնեն, իհարկե, կգտնեն:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, որտե՞ղ է կոռուպցիան թաքնվել, որ չեք կարողանում գտնել:
-Որպես մարզպետ՝ ես պատասխանատու եմ մեր մարզի համար, վստահեցնում եմ Ձեզ, որ մեր կառույցներում, մեր մոտ գոյություն չունի կոռուպցիա, դա կվկայեն մեր մոտ տեղի ունեցած ստուգումները, սոցիալական խնդիրները, որ վերահսկիչ պալատը մտավ մեզ մոտ, եւ ստուգումների արդյունքում բացառապես որեւէ խախտում չարձանագրվեց: Չգիտեմ՝ մեր հետ կապված, մեր մարզի հետ կապված կասեմ, որ մենք աշխատում ենք ազնիվ, եւ ինքներս պայքարում ենք, որ որեւիցե խնդիր չառաջանա:
-Միգուցե Ձեր մարզում չկա, բայց Ձեզ չի մտահոգում այն, որ մեր կառավարությունը 15 տարի թաքնված կոռուպցիայի դեմ է պայքարում ու այդպես էլ չի կարողանում գտնել:
-Գիտեք՝ կոռուպցիոն ռիսկերը միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում եւ ամբողջ աշխարհում դա կա, ուղղակի պետք է վեր հանել ու վերացնել դրանք, ու դա պետք է անի մարդը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որ այդպես էլ կառավարությունում չեն կարողանում գտնել:
-Այ մարդ, դա ինձ չի վերաբերում, դա ինձ մի՛ հարցրեք: Սաղդ էլ գիտեք, որ Սյունիքում կոռուպցիա չկա: Ես Սյունիքում եմ պատասխանատու, էլ ինձ ինչ եք հարցնում այդ մասին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, որտեղ է թաքնված կոռուպցիան, որ չեք կարողանում գտնել:
-Գրավոր ուղարկեք հարցը, ես Ձեզ կպատասխանեմ:
-Ինչո՞ւ, այսպես բանավոր ասեք, իմանանք, թե որտե՞ղ է թաքնված, գտնենք:
-Ես հիմա պատրաստվում եմ ելույթ ունենալ, այնպես որ… (ծիծաղում է Ք.Մ) :

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՆՇԵԼ

Հայաստանում վերջին շրջանում կրթական, բուհական ծրագրերն ավելի ժամանակակից դարձնելու համար տարբեր փորձեր են արվում:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւս այս առումով չի զիջում իր տեղը: Համալսարանի 3 ֆակուլտետներում այս տարի պետական ավարտական քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացնելու ձեւն էլ հենց դրա վառ ապացույցն էր:
«Ավարտական քննությունների անցկացման այն ձեւը, որը կիրառվեց եւ կիրառվում է մեր 3 ֆակուլտետներում, մենք անպայման կուսումնասիրենք, որովհետեւ, այնուամենայնիվ, նորություն է դա: Բայց ընդհանուրի մեջ շատ դրական երեւույթ է: Ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանք նշել. նախաձեռնողը ուսանողներն են, մեր ինֆորմատիկայի բաժնի ուսանողների ավարտական աշխատանքն է սա, եւ այ, դա է շատ լուրջ ձեռքբերում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Թե որ ֆակուլտետն է համալսարանում ամենապահանջվածը, Միրզախանյանը նշեց. «Ես նախեւառաջ կնշեի տարրական կրթության ֆակուլտետը, ուր ամեն տարի դիմորդների թիվը կրկնապատիկ է, իսկ շատ դեպքերում նաեւ ավելին` եռապատիկը: Կնշեի հոգեբանության ֆակուլտետը: Հոգեբանի մասնագիտությունն իր ամենատարբեր դրսեւորումներով նույնպես մեծ հետաքրքրություններ է առաջացնում»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ էր, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստում ամբաստանյալներից Գարիկ Բաբախանյանը միջադեպ հրահրեց, ենթադրվում է ինքնավնասվելու մտադրությամբ: Նրան միացավ նաեւ մեկ այլ ամբաստանյալ՝ Հակոբ Բոյաջյանը, որը տեղից վեր կենալով՝ փորձեց հարվածել կարգադրիչին, սկսվեց ծեծկռտուք: Ամբաստանյալները նաեւ հարվածեցին ուղեկցող ոստիկաններից մեկին, ապա կարգադրիչին եւ փորձում էին հասնել դահլիճում ներկա քաղաքացիներին: Դատավորը հրահանգեց կարգի հրավիրել ամբաստանյալներին, այնուհետեւ ստիպված էր դատական նիստը հետաձգել՝ հաջորդ նիստը նշանակելով հունիսի 22-ին:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼ ԷԻՆ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ շարունակվեց քննարկվել 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: Երեկվա քննարկման առարկաներից էին դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականի հարցը, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման մարմիններինը, ասել է, թե մարզպետարանների ֆինանսական հաշվետվությունների հարցերը: Չնայած բյուջեի կատարողականը սովորաբար համարվել է ամենաաղմկոտ թեմաներից մեկը, որը պատգամավորների մեծ մասի ուշադրության կենտրոնում է եղել, սակայն երեկվա քննարկմանն ընդամենը մի քանի պատգամավոր էր մասնակցում: Դժվար է ասել՝ սա միտումնավոր բոյկոտ էր, թե պարզապես պատգամավորներն այլեւս դադարել են բյուջեի կատարողականին կարեւորություն տալ:

 

 

ՏՆՏԵՍՈՂՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ
Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 16-ին պայմանագիր է կնքել «Արմենիա Թրավել +Մ» ընկերության հետ, որի հիման վրա գնել է մեկ բիզնես կարգի ավիատոմս՝ Լառնակա-Աթենք-Երեւան ուղղություններով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ բիզնես կարգով շրջագայելու համար պետբյուջեից վճարվել է 364 հազար 884 դրամ: Եթե նա բարեհաճեր էկոնոմ կարգից օգտվել, ապա այդ գումարի առնվազն կեսը կխնայվեր: Ավելին՝ պարզվում է, որ սա առաջին անգամը չէ, որ նախարարը բիզնես կարգով է մեկնում արտերկիր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մարտի 10-11-ին էլ նա Երեւանից բիզնես կարգով մեկնել է Մոսկվա, իսկ ավիատոմսի համար էլ պետբյուջեից վճարվել է 236 հազար դրամ, սովորական տոմսից կրկնակի թանկ:




Լրահոս