Հարց քաղաքացիներից` 55 տարին լրացած անձը կարո՞ղ է ստանալ մասնակի կենսաթոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1987թ. ընդունվել եմ Գորիսի մանկավարժական համալսարան (ներկայում՝ Գորիսի պետական քոլեջ) որպես դասախոս: 1998թ. աշխատանքի եմ անցել որպես դասախոս Գորիսի պետական քոլեջում: 2003թ. աշխատում եմ որպես դասախոս: Իմ 55 տարին լրացել է, եւ ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ ստանալ մասնակի կենսաթոշակ:

Ալվարդ Արմենակի Ավետիսյան (Աթոյան անց. 17 շենք)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ավետիսյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ին թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկում» բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ դասախոս պաշտոնը նշված չեն: Հետեւաբար նշված պաշտոնում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն: Ի դեպ, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:




Լրահոս