Հայտնի են առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը պարգևատրեցին առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության մրցանակակիրները և հաղթողները տասներեք անվանակարգերում:

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, ինչպես նաև 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել են պետական մարմինների (մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացված աշխատանքներ, ինչպես նաև 2015 թ. Հայաստանում իրականացված PR նախագծեր և միջոցառումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և պետական գործիչներ, հեռուստահաղորդավարներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Ավետիսյան։

«Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` ես իմ սեփական փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ որոշումներ և օգտագործել հաղորդակցության ճիշտ մոդելներ: Հանրային կապերի գրագետ մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած բիզնեսում կամ հասարակական գործիչի համար, և ես շատ ուրախ եմ, որ հենց Beeline-ը ոչ միայն աջակցում է այս ոլորտին, այլ նաև հիմնել է ազգային մրցանակ, որի հաղթողներին մենք այսօր պարգևատրում ենք: Շնորհավորում եմ Առաջին հայկական PR մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին ու հաղթողներին և մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ և նվաճումներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հանրային կապերի ոլորտում 2015 թվականը հագեցած էր տարաբնույթ աշխատանքներով, վերելքներով և անկումներով, PR ոլորտում համագործակցության ուղիներով, հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով: Այսօր` 2016 թվականի մայիսի 31-ին, մենք սկիզբ ենք դնում Հայկական PR մրցանակաբաշխությանը, որն այսուհետ ամեն տարի կամփոփի PR ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները, կգնահատի լավագույն PR ծրագրերն ու նախաձեռնությունները, կխրախուսի PR ոլորտի լավագույն մասնագետներին, հրապարակային և քաղաքական գործիչներին: Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ PR ծրագրեր ու նախաձեռնություններ արարելը, PR լավագույն մասնագետ դառնալը լինի ոչ թե ձգտում, այլ նպատակ, ինչը կդառնա հայկական PR մշակույթում առողջ մրցակցության և հասարակության հետ գրագետ փոխհարաբերություններ ձևավորելու գրավականը», – նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Նշենք, որ առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: 2016 թ. մրցանակաբաշխությունը ներառել է տասներեք անվանակարգ. «Տարվա մամուլի քարտուղար», «Տարվա PR իրադարձություն», «Տարվա իմիջային PR», «Տարվա հրապարակային գործիչ», «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա մշակութային PR», «Տարվա ֆինանսական PR», «Տարվա ԶԼՄ», «Տարվա ճգնաժամային կառավարում», «Տարվա PR նախաձեռնություն», «Հայաստանի բարեկամ», «Հայկական բրենդ», «Հատուկ մրցանակ»: Հանձնվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ PR ոլորտի զարգացման համար:
Հիշեցնենք, որ հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին: Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:




Լրահոս