ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը “Ժողովուրդ”-ի հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը տեղյակ է այն փաստաթղթից, որի “տակ” ստորագրելով՝ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ասաց, թե սկզբունքները ֆիքսված են, ու այդ ամենի մասին բոլորին հայտնի է:
-Պարո՛ն Շահգելդյան, Թբիլիսին եւ Սուխումին հերքել են ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, ըստ որի՝ Աբխազիայի եւ Վրաստանի իշխանությունները համաձայնել են վերսկսել երթեւեկությունը երկաթուղու աբխազական հատվածով: Ինչո՞ւ է ՕԵԿ առաջնորդը նման հայտարարություն արել, եթե իրականում նման բան չկա:
-Պարոն Բաղդասարյանն ասել է, որ հիմնախնդիրը դիտարկվել է նաեւ նախագահի այցի ընթացքում, այսինքն՝ խնդիրը սրա մեջ էր: Եվ դա շատ հստակ էր, քանի որ այդ երկաթուղին մեզ համար կենսական նշանակություն ունի, եւ, բնականաբար, դա մեզ համար կարեւոր խնդիր էր: Պետք է տեսնել, թե հստակ ինչ է ասել պարոն Բաղդասարյանը, ամեն ինչ ասվել է շատ ճիշտ ու հստակ:
-Վերջին շրջանում պարոն Բաղդասարյանի հայտարարությունները հերքվում են կամ էլ մշտապես պարզաբանման կարիք են զգում…
-Երբեք նման խնդիրներ չեն առաջացել: Ոչ մի սխալ չի եղել, նա ասել է, որ նախագահի՝ Մոսկվա այցի ժամանակ այդ խնդրին որոշակի անդրադարձ եղել է: Եվ վերջ:
-Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ-ն նպատակ ունի միանալու Մաքսային միությանը: Ոչ մի քաղաքական ուժ տեղյակ չէր նրա այդ որոշումից: ՀՀԿ-ն նշեց, թե այդ հարցն իրենք քննարկել են իրենց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի հետ: Իսկապե՞ս ՕԵԿ-ում նման դիրքորոշում են ունեցել:
-Մենք նշել ենք, որ Մաքսային միությանը միանալը բխում է ՀՀ շահերից, մենք նշել ենք նաեւ տնտեսական հարաբերությունների հնարավորությունների մասին, նշել ենք նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության մասին ու նաեւ նշել ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն եւ խորացումը, ինչպես նաեւ մյուս ուժային կենտրոնների հետ, կարեւոր է:
-ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՄՄ անդամ դառնալով՝ մենք “կորցնելու” ենք մեր ինքնիշխանությունը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ ամենը:
-Ուրեմն հասկանանք, թե ինչի մասին է խոսքը. Մաքսային միություն… խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ-ից արտահանվող եւ ներմուծվող ապրանքները, ըստ էության, չեն ընկնելու այն ընդհանուր մաքսային դաշտի մեջ, ինչ մյուս երկրները… այսինքն՝ արտահանումը կդառնա ավելի էժան, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում, նշանակում է նոր ապրանքների էժանացում: Բացի այս, կան նաեւ տնտեսական ավելի լայն հնարավորություններ: Կլինեն ներդրողներ ՀՀ տնտեսության մեջ: Բացի սրանից, եկե՛ք չմոռանանք, որ մենք ՌԴ-ում ունենք երկուսուկես միլիոն հայ, որոնք ապրում են, աշխատում են, գործում են: Ինքը բառն արդեն շեշտում է այդ ամենը, ինչ կապ ունի մյուսը՝ ես չեմ հասկանում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 615 համար




Լրահոս