«Տոնուս»-ն աճուրդի է հանել իր գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի` մայիսի 25-ին հայտարարված աճուրդը մասամբ չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով: Նշենք, որ այն կկայանա հունիսի 23-ին՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սնանկ ճանաչված «Տոնուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը կանցկացվի բաց դասական եղանակով` 49 լոտով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից աճուրդի են հանվել ընկերությանը պատկանող ստորգետնյա 9 ավտոտնակ, որոնց արժեքը սկսում է մոտ 1 մլն 200 հազար դրամից մինչեւ 7 մլն դրամ: Աճուրդի է հանվել նաեւ 2 տարածք, որոնց մեկնարկային գինը կազմում է ընդհանուրը մոտ 7 մլն դրամ: Վաճառվում է նաեւ 7 հատ հողամաս՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, մարդատար եւ շինարարական ավտոմեքենաներ, նաեւ՝ վերամբարձ կռունկ, խողովակներ: Ի դեպ, աճուրդի հանված գույքի թվում կա նաեւ 20 հատ էլեկտրոնային հաշվիչ: Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում էր Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, ով 2014 թվականի հունիսի 22-ին հանկարծամահ եղավ:

Իսկ սնանկանալուց առաջ Դավիթաշեն թաղամասում եւ Փափազյան փողոցի հարեւանությամբ ընկերության կառուցած շենքերը գրավադրվել էին «Արցախբանկում»: Իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ հայտնված քաղաքացիները մինչ օրս սպասում են արդարադատության իրականացմանն ու իրենց իրավունքների վերականգնմանը: Չէ որ «Տոնուս»-ը դեռեւս 2006 թվականին բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր էր կնքել շուրջ 100 բնակչի հետ: Ըստ այդ պայմանագրերի՝ բնակարանները պետք է սեփականատերերին հանձնվեին 2008 թվականին: Սակայն մինչ օրս ավելի քան 160 բնակարանատեր դեռ չի ստացել երկար սպասված բնակարանի բանալիները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս