ՆՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզկենտրոն Վանաձորն այս պահի դրությամբ հատակագիծ չունի: Դեռեւս 2003թ. Վանաձոր համայնքի կողմից պատվիրվել էր քաղաքի հատակագիծ, սակայն համակարգում որոշակի փոփոխություններով պայմանավորված` այն կառավարության կողմից չէր հաստատվել: Իսկ այս ընթացքում քաղաքը զարգացել է, կառուցվել են բազմաթիվ նոր շինություններ:
Այս պահին աշխատանքներ են տարվում քաղաքի նոր հատակագիծ մշակելու ուղղությամբ: Ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժինը զբաղվում է չգրանցված կամ մահացած սեփականատերերի իրավունքների փոխանցման գործընթացով: Բաժնի պետ Տիգրան Պապանյանի խոսքով՝ նախկինում սա չէր արվում, քանի որ քաղաքացիներից շատերը չէին գիտակցում այս ամենի անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Այսօր արդեն կատարվում են վերագրանցումներ, չափագրվում են տարածքները, քանի որ խորհրդային միության ժամանակ տրված տեխնիկական անձնագրերից բավական տարբերություններ կան. «Էսօրվա վիճակով արդեն փաստացի ֆիքսվել են բոլոր փոփոխությունները, դրանք արդեն կան գլխավոր հատակագծի վրա: Վերջերս նախագծողի կողմից Վանաձորի քաղաքապետարանում կայացան հասարակական լսումներ: Սրանից հետո կառավարությանն առընթեր շահագրգիռ նախարարություններն ու կազմակերպությունները պետք է իրենց եզրակացությունները տան նախագծի վերաբերյալ»:
Եզրակացություններն ու դիտողությունները հաշվի առնելով՝ նախագիծը մեկ անգամ եւս կվերամշակվի, իսկ երբ պատրաստ լինի, մինչ կառավարություն ներկայացնելը, կտեղադրվի vanadzor.am կայքում, որպեսզի վանաձորցիները եւս հնարավորություն ունենան ծանոթանալու վերջնական տարբերակին:
«Եթե նույնիսկ մարդն անօրինական մինչեւ 2001թ. մայիսի 10-ը կառուցել է սեփական բնակարան՝ առանց որեւէ փաստաթղթի, հողազավթումով, եւ եթե այդ շինությունը չի խանգարում քաղաքի տեսքին, ունի անհրաժեշտ ամրություն, կայունություն, արտաքին տեսք, ուրեմն օրինականացման ենթակա է, անվճար օրինականացվում է՝ առանց որեւէ տուգանք վճարելու»,-պարզաբանեց Տ. Պապանյանը:
Ապօրինաշինության փորձեր այսօր էլ նկատելի են, դրանք, սակայն, արագ կերպով կանխարգելվում են: Ըստ Պապանյանի՝ եթե բնակիչները փորձում են շինարարություն անել թեկուզ սեփական հողի վրա, բայց առանց թույլտվության, ապա դա կանխվում է: Այն ամենը, ինչ կառուցվում է քաղաքի կենտրոնում, դրվում է ոչ միայն ճարտարապետական խորհրդի քննարկմանը, այլեւ ներկայացվում է քաղաքաշինության նախարարություն եւ վերջինիս կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո միայն սկսվում են կառուցման աշխատանքները:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս