ՄԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած 80-ամյա Լյուդվիգ Թովմասյանը, որը խաբեության զոհ է դարձել, տարիներ շարունակ չի կարողանում վերականգնել արդարությունը եւ ստորեւ ներկայացվող բաց նամակով խնդրում է օգնել իրեն:
«1980թ.-ից Երեւանի Սայաթ-Նովայի 1 հասցեում գործում է Կարի արտել արտադրամաս, որը 1995թ. սեփականաշնորհվել է կոլեկտիվի կողմից, եւ կազմավորվել է «Միքայել» ԼՏԸ-ն: Այն հետագայում` 1999թ., վերակազմավորվել եւ դարձել է «Միքայել եւ Ռուզաննա» ՍՊԸ եւ  գործում է մինչ օրս: Ի սկզբանե օրինական կարգով վճարումների միջոցով 40% բաժնետերը դարձել է կոլեկտիվի ղեկավար Միքայել Ավագյանը, 6% բաժնետերը դարձել եմ ես՝ Լյուդվիգ Թովմասյանս, մնացած տոկոսների բաժնետերեր են դարձել այլ` թվով 6 կոլեկտիվի անդամներ: 1999-2002թթ. վերը նշված 6-ից 4 բաժնետերեր օրինական կարգով, նոտարով հաստատված նվիրատվության պայմանագրերով իրենց 48% բաժնեմասը նվիրել են քաղաքացի Հրաչյա Գրիգորյանին, որը հետագայում` 2009թ., դիմել է դատարան եւ ստացել  այդ 48%-ի նկատմամբ պետգրանցում:
Հ. Գրիգորյանը, պետռեգիստրից տեղեկանալով այն մասին, որ ես՝ Լ. Թովմասյանս, այլեւս բաժնետեր չեմ, հայտնել է ինձ, ես էլ անհապաղ դիմել եմ պետռեգիստր եւ օֆիցիալ տեղեկացրել եմ այն մասին, որ ես նշված ՍՊԸ-ում 6%-ի բաժնետեր եմ եւ անհապաղ տեղեկանքը ռեգիստրից ստանալուց հետո հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ վերականգնելու համար իմ սեփականության իրավունքը այդ 6%-ի նկատմամբ, որին, ինչպես հետո պարզվել է, խաբեությամբ եւ խարդախությամբ, կեղծ փաստաթղթերի միջոցով տիրացել են Մ. Ավագյանը եւ նրա դուստրը՝ Ռուզաննա Ավագյանը:
Նշեմ, որ ես արդեն 80-ն անց մարդ եմ, դա իմ միակ ունեցվածքն է, ընդ որում ես ունեմ մոտ 55 տարվա աշխատանքային ստաժ եւ աշխատել եմ այդ ՍՊԸ-ում մինչեւ 2009թ. վերջը: Այսինքն՝ այն պահը, երբ իմացել եմ Ավագյանների կողմից իմ գույքին խաբեությամբ տիրանալու մասին, վիրավորվել եմ եւ այլեւս այդ հիմնարկ չեմ մտել:
Քաղգործը քննում էր Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, որը արդարացիորեն իմ հայցը բավարարեց, եւ թվում էր, թե արդարությունը վերականգնվեց: Թվում էր, թե վերականգնվեց նաեւ սեփականության իմ իրավունքը ՍՊԸ-ի 6%-ի նկատմամբ, քանի որ դատարանը դատաձեռագրաբանական փորձաքննությամբ պարզեց, որ հօգուտ Մ. Ավագյանի իմ 6% բաժնետոմսից հրաժարվելու հայտարարությունը, որն իբր ես 1995թ. գրել եւ ստորագրել եմ, կեղծ է` գրված եւ ստորագրված ոչ իմ կողմից:
Նշեմ, որ հենց այդ ժամանակ, երբ Մ. Ավագյանը, ունենալով 40% բաժնեմաս, խաբեությամբ տիրանում է իմ 6% բաժնեմասին, հենց տեղում անհապաղ ոտնահարելով մյուս բաժնետերերի բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքները, ապօրինաբար այդ 6%-ից 1%-ը տալիս է իր դստերը՝ Ռ. Ավագյանին, ինչի մասին ես անտեղյակ էի մինչեւ 2009թ. վերջը: Այդ ժամանակ, երբ Հ. Գրիգորյանն արդեն օրինական կարգով 23.11.2009թ. 48%-ի բաժնետեր էր, Մ. Ավագյանն ապօրինաբար նույնպես գաղտնի 1.12.2009թ., խախտելով եւ ոտնահարելով մյուս բաժնետերերի՝ հանձին Հ. Գրիգորյանի բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքը, նվիրում է իր 45% բաժնեմասն իր դստերը՝ կազմելով կեղծ բովանդակությամբ տեղեկանք, թե իբր մյուս բոլոր բաժնետերերը տեղյակ են այդ գործընթացից: Հետագայում էլ Ռ. Ավագյանն այդ կեղծ բովանդակությամբ տեղեկանքը ներկայացնում է պետռեգիստր եւ իր հոր աջակցությամբ կեղծիքի եւ խաբեության միջոցով տիրանում իմ մնացած 5% բաժնեմասին:
2010թ. սկզբին Մ. Ավագյանը մահանում է, իսկ դատավոր Բարսեղյանի կայացրած արդար վճիռը բողոքարկվում է Ռ. Ավագյանի կողմից: Այն ինչ-որ ձեւական դատավարական խախտման հիմքով բեկանվում եւ վերադարձվում է նույն դատարան` նոր քննության: Դատարանի նախաձեռնությամբ հարցում է կատարվում պետռեգիստր, որտեղից հայտնում են, որ իմ` Լյուդվիգ Թովմասյանիս 6% բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը եղել է ոչ թե այն 1995թ. կեղծ բովանդակությամբ հայտարարության, այլ 13.12.1999թ. իբր անցկացված ՍՊԸ-ի ժողովի արձանագրության հիմքով:
Զավեշտական է, որ չնայած ժողովին իբր բոլորի մասնակցությանը, արձանագրության վերջում առկա է միայն Մ. Ավագյանի եւ մեր հաշվապահ` 1% բաժնեմասի սեփականատեր Մագրեֆինա Ղուլյանի ստորագրությունը: Ես այս հարցով դիմեցի ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժին: Այդ ընթացքում Ռ. Ավագյանի ներկայացուցիչը դիմեց դատարանին՝ խնդրելով հայցային վաղեմություն կիրառել իմ հայցի նկատմամբ եւ այն մերժել: Բնականաբար, մենք առարկեցինք դրա դեմ, քանի որ ՀՀ քաղ. օր.-ի 344-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքի վերականգնումը չունի հայցային վաղեմության ժամկետ, եւ եթե նույնիսկ այդ ժամկետը, ենթադրենք, կիրառելի է այս դեպքում, ապա ես այն բաց չեմ թողել:
30.11.2009թ. պետռեգիստրից օֆիցիալ ստանալով տեղեկանք առ այն, որ ես նշված ՍՊԸ-ում բաժնետեր չեմ, 2010թ. փետրվարի սկզբին ես դիմել եմ դատարան իմ ոտնահարված իրավունքը վերականգնելու պահանջով: Սակայն «վայ դատավոր» Ն. Հովսեփյանը կայացրեց մարդկային ինքնասիրությունը եւ արժանապատվությունը վիրավորող վճիռ եւ մերժեց իմ հայցը` կիրառելով հայցային վաղեմություն, որի իրավունքը նա չուներ: Ես մնացի խաբված, իսկ Մ. եւ Ռ. Ավագյանները բարեհաջող իրականացրին իրենց հանցավոր ծրագիրը` խաբեությամբ տիրանալով իմ հալալ քրտինքին:
Այսպիսով՝ Ն. Հովսեփյանի թեթեւ ձեռքով եւ նրա հովանավորությամբ այս խարդախությունը  առայժմ հաջողություն է ունեցել: Ն. Հովսեփյանը, բնականաբար, այս հանցավոր  ծառայությունը մատուցել է ոչ անշահախնդիր կերպով: Այդ դատական ակտի դեմ ես բերել եմ վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ դատավոր Ա. Խառատյանի կողմից:
Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի ՀԿԳ քննիչի որոշման համաձայն՝ պարզվել, ապացուցվել եւ հաստատվել է, որ 13.12.1999թ. ոչ մի ժողով չի անցկացվել, դա հաստատել են ՍՊԸ-ի 4 բաժնետերեր, ինչպես նաեւ ես՝ Լ. Թովմասյանս: Այսինքն՝ պարզվել է, որ իմ հանդեպ տեղի է ունեցել խարդախություն Մ. եւ Ռ. Ավագյանների կողմից, սակայն քրեական գործ չի հարուցվել: Այս որոշումը ներկայացված է վերաքննիչ քաղաքացիական դատարանին: Տեսնենք, թե ինչ կորոշի եւ ինչ գնահատական կտա «վայ դատավոր» Ն. Հովսեփյանի կայացրած վճռին վերադաս դատարանը»:

Դիմող՝ ԼՅՈՒԴՎԻԳ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս