Բուենոս Այրեսում սեպտեմբերի 4-10-ն անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը: Իր լիազորությունները վայր դրեց այժմ արդեն նախկին նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն, որը հետո ընտրվեց ՄՕԿ-ի պատվավոր անդամ:
Ինչպես տեղեկացրել էինք, թեկնածուները վեցն էին՝ Սեր Միանգ (Սինգապուր), Չինգ Կուո Վու (Թայվան), Ռիչարդ Կերրիոն (Պուերտո Ռիկո), Դենիս Օսվալդ (Շվեյցարիա), Սերգեյ Բուբկա (Ուկրաինա) եւ Թոմաս Բախ (Գերմանիա): Ձայների մեծ առավելությամբ՝ 49 ձայնով, հաղթեց եւ ՄՕԿ-ի 9-րդ նախագահ ընտրվեց Թոմաս Բախը: Ի դեպ, 59-ամյա Թ. Բախին վաղուց էին Ռոգեին փոխարինող համարում: Նա ՄՕԿ-ի փոխնախագահ էր, Գերմանիայի օլիմպիական մարզական միության ղեկավարը: Բախն ունի մարզական փառավոր անցյալ, նաեւ, ինչպես նշում են նրան ճանաչողները, ղեկավարին անհրաժեշտ հարուստ փորձ մարզաշխարհում եւ բիզնեսի ոլորտում:
Ընտրությունների ավարտից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Բախն ասել է, որ թեեւ շատ է ուզում տիրապետել զգացմունքներին, բայց չի կարողանում, սաստիկ հուզված է. «Սպորտում մարզիկը րոպեների ընթացքում է տեղեկանում մրցավարների տված գնահատականին, իսկ ես այս ընտրությունում հարկադրված էի արդյունքին սպասել ավելի քան մեկ ժամ»:
ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանը կանցկացվի 2014թ. փետրվարի 5-7-ը Սոչիում, որտեղ փետրվարի 7-ին տեղի կունենա ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ