Թուրքական իշխանությունները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ անհաջողություն են կրել. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանությունները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ գոնե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում իրենք իրենց ժխտողականությամբ անհաջողություն են կրել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս, հիշեցնենք, այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին՝ գլխավորելով հայկական պատվիրակությունը:

Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է. «Գերմանացի ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հիրավի առաջադեմ լինելը, ևս մեկ անգամ փաստեց, որ նա այնքան քաջություն ունի, այնքան անկոտրում կամքի տեր է, որ, ի հեճուկս շատ դժվարությունների, պատրաստ է պատվով առերեսվելու պատմությանը» շարունակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «1915 թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» վերնագրով բանաձեւը համատեղ ներկայացրել էին Գերմանիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բանաձեւի քննարկման ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն նախագծի, եւ երբ հայտնի է դարձել, որ փաստաթուղթը ընդունվել է, դրսում հավաքվածներն այդ լուրն ընդունել են ծափողջյուններով, սկսել են երգել եւ պարել: Իսկ պաշտոնական Անկարան բանաձեւի ընդունմանը արձագանքեց Գերմանիայում իր դեսպանին ետ կանչելով:




Լրահոս