«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ մենք կբացահայտենք նրանց էության` հանրությանը մինչ այժմ անհայտ կողմերը, կծանոթանանք վերջիններիս բնավորության առանձնահատկություններին: Հարցվողները կխոսեն իրենց ձեռքբերումների, կորուստների մասին, հնարավոր է` բացահայտեն նաեւ որոշ գաղտնիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանի հետ:
-Մեր առաջին, ավանդական դարձած հարցը` ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-Առաջնեկիս ծննդյան օրը, երբ մայր դարձա:
-Սպասված երջանկություն, որը դեռ չի այցելել Ձեզ:
-Երեւի թե դա կլինի արդեն թոռներիս ծնունդը:
-Ձեր ամենահաջողված երգը:
-Դա «Soul» երգն է` ամբողջովին առանց խոսքերի:
-Երեւույթ, որ զարմացնում է Ձեզ:
-Շատ են, օրինակ այն, որ բոլորն այսօր շտապում են, բայց չգիտես, թե ուր: Դա անիմաստ շտապողականություն է, կարծում եմ:
-Մի մարդու խոսքեր, որոնք առանձնապես տպավորել են Ձեզ:
-Իմ անցած տարիների ամեն օրն էլ ուսուցողական է եղել: Բայց երեւի ամենաշատը մորս խոսքերն են տպավորվել, որ ասում էր. «Երեխա կունենաս, նոր կհասկանաս, թե դա ինչ բան է»:
-Ապտակ, որ չեք հասցրել, բայց փոշմանել եք:
-Իմ ամբողջ կյանքում ես հակահարված չեմ տվել, եւ, առհասարակ, դեմ եմ ցանկացած բնույթի հարվածի: Հետո իրենք իրենց ապտակը կստանան. ժամանակն ամեն բան ցույց կտա:
–Մարդկանց նախանձի դեմ Ձեր զենքը:
-Ես այդ մարդկանց վաղուց արդեն չեմ նկատում, ես, ընդհանրապես, շատ բան չեմ նկատում: Երբեմն ինձ կողքից ասում են. «Ո՞նց, չլսեցի՞ր, թե ինչ ասաց», ասում եմ. «Չէ, բայց ի՞նչ ասաց» (ծիծաղում է):
-Հայ երգարվեստի չգերազանցված դեմքը:
-Ռուբեն Մաթեւոսյանը. չեմ կարող բացատրել, թե էդ մարդն ինչ անասելի տաղանդ ունի:
-Ինքներդ Ձեզ վրա զայրանալու առիթները:
-Կարեւոր որոշումներ ընդունելիս ես միշտ ճիշտ ժամանակին մի փոքր դադար եմ առնում: Հաջորդ օրը զգում եմ, որ դա ճիշտ քայլ էր: Բայց երբ էմոցիոնալ պահերին շտապ որոշումներ եմ կայացնում, այդ ժամանակ զայրանում եմ ինձ վրա:
-Պահ, որ բաց թողեցիք եւ որի համար զղջում եք:
-Իմ կարիերայի ընթացքում եղել են շատ լավ առաջարկներ, որոնք ընդունել եմ, սկսել եմ աշխատել, հետո կիսատ եմ թողել: Բայց հիմա զգում եմ, որ ճիշտ եմ արել:
-Մեկը, ով իր մարդ տեսակով հիացրել է Ձեզ:
-Սովորական անցորդներ կան, որոնք իրենց մի արարքով, մի հաճոյախոսությամբ շատ դրական էմոցիաներ են հաղորդում, եւ դա ամբողջ օրվա ընթացքում ուղեկցում է ինձ: Մի տղա կա, քաղաքում ծաղիկ է վաճառում եւ միշտ ծաղիկներ է նվիրում ինձ, ես էլ փորձում եմ ժամանակ առ ժամանակ փոխհատուցել: Հիանում եմ այդ տղայով, որ տարիների ընթացքում իր աշխատանքը չի փոխել եւ դեռ նվերներ է անում: Նա ընտանիք ունի, երեխա, եւ ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է նրանց պահում. այդ ծաղկի վաճառքից ստացված եկամուտը ի՞նչ պետք է լինի: Այդ տղան, իսկապես, հիացրել է ինձ:
-Ընտանիքն ամուր պահելու Ձեր բանաձեւը:
-Պետք է լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, լավ խոհարար, լավ մաքրուհի: Ով մտածում է, թե կան բաներ, որոնք ինքը պետք է շրջանցի, հարաբերություններում ճեղքվածքներ է առաջացնում:
-Սոցցանցերի հանդեպ Ձեր հետաքրքրությունը:
-Զրոյական: Որեւէ սոցցանցում գրանցված չեմ: Երբ ես տեսա, թե ինչեր են կատարվում «Ֆեյսբուք»-ում, դուրս եկա… Դա անտանելի էր… Այդքան վատ ինֆորմացիայի, էներգիայի կարիք ես բոլորովին չունեմ:
-Քաղաքականության հետ «ընկերություն» անո՞ւմ եք:
-Բոլորովին: Նախ` ես չեմ հասկանում դրանից, եթե փորձեմ, կհասկանամ, բայց ես չեմ էլ ուզում: Լրագրողներն անընդհատ փորձել են «ներքաշել» ինձ քաղաքականության մեջ, բայց չի ստացվել. դրանք վատ փորձեր էին: Ես ունեմ ընկերներ, որոնք քաղաքական գործիչ են, դա է իրենց մասնագիտությունը, եւ ես չեմ պատրաստվում նրանց կորցնել: Այնպես չէ, որ ես իրենց ընկերն եմ, որովհետեւ նրանք քաղաքականության մեջ են:
-Իսկ քաղաքական դաշտ մուտք գործելու առաջարկներ եղե՞լ են:
-Երբեւէ: Ովքեր պետք է առաջարկեն, գիտեն իմ բնավորությունը, գիտեն, որ ինձ չպետք է մոտենան այդ հարցով:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Ես եկեղեցի շատ չեմ այցելում, չեմ կարծում, թե դրանից ինչ-որ բան փոխվում է: Բայց «Նարեկը» իմ կողքին է, ամեն օր կարդում եւ աղոթում եմ, փորձում եմ ճիշտ ապրել, ինչը մեր օրերում այնքան էլ հեշտ չէ:
-Կյանքը սիրելու Ձեր պատճառները:
-Ո՞նց կարելի է չսիրել կյանքը` բոլոր եղանակները, գույները, առավոտը: Հատկապես երբ ճամփորդում եմ, ամեն տեղ բնության մի հրաշք եմ տեսնում: Եվ հետո` ընտանիք, հարազատներ. իրենցով ենք ապրում: Ընդհանրապես, կյանքը լավ բան է, ափսոս, որ գալիս ենք ու գնում…
Աննա Բաբաջանյան